Ընտանիքի հետ արդեն 7 տարի Ուկրաինայում բնակվող Արփի Բուգուլյանը (ինստագրամյան հարթակում շատերին հայտնի որպես @arpi_foodblogger) վերջին օրերին ապրել է պատերազմի ողջ արհավիրքը` մանկահասակ երեխաների հետ թաքստոցում ապրելուց մինչեւ  այլ երկիր տեղափոխվել:

Արփին հիշում է, որ պատերազմն իրենց համար անակնկալ կերպով սկսվեց, փետրվարի 24-ի վաղ առավոտյան: 

«Պատերազմը սկսվեց շատ անսպասելի, ինչպես , կարծում եմ, բոլոր պատերազմներն են սկսվում… Արթնացա 6:45, այդ պահին ամուսնուս հեռախոսն էր զանգում, տեսնելով անթիվ անպատասխան զանգեր ու նամակներ՝ հասկացա, որ մի բան այն չէ։ Աղջկաս հետ գնանցինք խոհանոց, պատուհանից դուրս նայեցի ու ինչ տեսնեմ` աննկարագրելի խցանում։ Չէի հասկանում` ինչ է կատարվում։ Հետո լսեցի տագնապի ձայնը, փշաքաղվեցի։ Ամուսինս ասաց, որ պատերազմ է սկսվել, գիշերը 4:30 ից սկսած Ռուսաստանը ռմբակոծել է Ուկրաինայի ռազմական նշանակություն ունեցող շատ կետեր։ Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ կատարվեց ներսումս։ Արթնացրեցի քույրիկիս, ով հյուր էր եկել մի քանի ամսով։ Պետք է հավաքեինք առաջին անհրաժեշտության իրերն ու դուրս գայինք, քանի որ շատ վտանգավոր էր մնալ 24-րդ հարկում»։

Արփին երկու մանկահասակ երեխաների, քրոջ եւ ամուսնու հետ ապաստարանում 6 օր է ապրել, ասում է` բարեբախտաբար, ինտերնետ կապ են ունեցել եւ երեխաներին կարողացել են շեղել պատերազմական իրավիճակից:

«Բարեբախտաբար կար wifi, քանի որ օֆիսային տարածքում գտնվող նկուղային հարկ էր, ու կարողանում էինք երեխաներին շեղել մուլտֆիլմերով։ Մեզ հետ ևս 3 ընտանիք կար, իրենք էլ ունեն բալիկներ, խաղում էին, ժամանակն անցնում էր… Ու փառք Աստծո, այդտեղ դրսի ձայները չէին լսվում»,- պատմեց նա։

6 օր անց նրանք որոշում են կայացրել, որ պետք է լքեն երկիրը, քանի որ գնալով իրավիճակը ավելի էր բարդանում:

«Իրականում թե’ մնալը, և թե’ դուրս գալը վտանգավոր էր ու ռիսկային։ Բայց երեխաների հետ այլևս դժվար էր մնալ այդ պայմաններում։ Սուպերմարկետներում աննկարագրելի հերթեր էին, ամեն ինչ չէր, որ հնարավոր էր գտնել։ Որոշեցինք դուրս գալ, երբ պայթեցրին մեզանից 3 կմ հեռավորության վրա գտնվող հեռուստաաշտարակը։ Ամբողջ ճանապարհին բլոկ-պոստեր կային, ստուգում էին անձնագրերն ու մեքենան, բայց բոլորը շատ բարեհամբյուր վերաբերմունք էին ցույց տալիս։ Նշեմ, որ Ուկրաինայի քաղաքացի տղամարդիկ երկիրը լքել չեն կարող՝ անկախ ազգությունից»։ 

Արփին այժմ ընտանիքի հետ գտնվում է Մոլդովայում, Հայաստան վերադառնալ ցանկանում են, բայց չեն կարող. «Նախ քանի որ դեռ չկան ուղիղ չվերթներ, և հետո մեքենայի տեղափոխման խնդիր կա։ Այնուամենայնիվ, որոշ ժամանակ կսպասենք այստեղ՝ հույս ունենալով, որ այս մղձավանջը շուտով կավարտվի»: