Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնաբանել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի՝ առանց կառավարության հետ համաձայնեցման նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի արտասահմանյան այցերի օրինականությունը հաստատելու համար Սահմանադրական դատարան դիմելու  որոշումը:

Նախօրեին ելույթ ունենալով խորհրդարանում՝ Սալոմե Զուրաբիշվիլին ասել էր, որ իշխանություններն իրեն խանգարել են արտասահմանյան այցեր կատարել եվրոպական երկրներ, եւ արդյունքում նա ինքնուրույն է կատարել դրանք։

Ղարիբաշվիլին խոստովանել է, որ նախագահին մերժել են այցերի հարցում:

Բացատրելով այս քայլը՝ նա հիշեցրել է, որ տարածաշրջանում բարդ գործընթացներ են տեղի ունենում, Ուկրաինայում էսկալացիա է, ուստի «ես եւ կառավարության յուրաքանչյուր անդամ կարծում ենք, որ Վրաստանի նախագահը, գերագույն գլխավոր հրամանատարը պետք է լիներ եւ գտնվում է երկրում այդպիսի ժամանակներում», հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

«Դա էր մեր հիմնական փաստարկն ու դրդապատճառը՝ նրա այցը մերժելու համար։ Կցանկանայի նաեւ հավելել, որ, Վրաստանի սահմանադրության համաձայն, արտաքին քաղաքականությունը որոշում է Վրաստանի խորհրդարանը եւ իրականացնում է Վրաստանի կառավարությունը։

Ըստ այդմ՝ նախագահի ցանկացած հանդիպում կամ այց պետք է համաձայնեցվի Վրաստանի կառավարության հետ՝ սահմանադրությանը համապատասխան։ Կարծում եմ՝ այստեղ ամեն ինչ պարզ է»,- ասել է Ղարիբաշվիլին։

Միաժամանակ վարչապետը ենթադրություն է հայտնել, որ Սալոմե Զուրաբիշվիլիի քննադատական ​​ելույթի պատճառը թյուրիմացությունն է. «Նախագահը, կարծես, մոլորության մեջ է, ուզում եմ ենթադրություն հայտնել, որ սա թյուրիմացություն է, հուսամ՝ ամեն ինչ շուտով կպարզվի եւ հարցեր չեն լինի»։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքացի եւ, առաջին հերթին, բարձրաստիճան քաղաքական գործիչները պարտավոր են հարգել երկրի հիմնական օրենքը՝ սահմանադրությունը։

«Չեմ կրկնի այն, ինչ բացատրվել է մեր քաղխորհրդի նամակում։ Մի բան կավելացնեմ, որ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, եւ, առաջին հերթին, բարձրագույն քաղաքական գործիչները պարտավոր են, մեր պարտականությունն է, պարտականությունը հարգել եւ պաշտպանել մեր երկրի հիմնարար օրենքը, այսինքն՝ սահմանադրությունը։ Իհարկե, ցավալի է, որ ստիպված ենք խոսել այսպիսի թեմաների մասին, երբ մեր երկիրն ու բնակչությունն այսքան մարտահրավերներ ու խնդիրներ ունեն՝ լինի դա սոցիալ-տնտեսական, թե տարածքային խնդիրներ կամ շատ բարդ գործընթացներ տարածաշրջանում։ Այսպիսի վիճակում մենք ստիպված ենք խոսել այնպիսի հարցերի մասին, որոնք հստակեցված են, հստակ ու ճշգրիտ։ Այս ամենը պարզաբանվում է Վրաստանի սահմանադրությամբ»,- ասել է Ղարիբաշվիլին։