Մեր քաղաքացիները պարզապես չպետք է վճարեն ավտոմեքենաների կայանման համար  ապօրինի դրամահավաք իրականացնողներին. Դրա լուծումը դա է. վճարում են, հետո բողոքում են, որ վճարում են: Այս մասին Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Թող չվճարեն, ի՞նչ է նշանակում՝ չեն թողնում: Եթե տեղեր կա, որ չեն թողնում, թող անգահարեն թեժ գիծ, մենք ոստիկանությանը հաղորդում կներկայացնենք»,-ասաց նա:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանն էլ նկատեց. «Հյուսիսային պողոտայի հատվածում, Հին երեւանցու փողոցի վրա գտնվող հատվածում մշտապես գումար են հավաքում մեքենաներից: Գինը ասեմ՝ մեկ ավտոմեքենա կայանելու գինը 1000 դրամ է: Ես ինքս չեմ կարողացել կայանել այդտեղ: Շատը մեծ բանավեճ սկսվեց, այդ մարդու կողմից անպարկեշտ բառերով: Այդ մարդիկ ավտոմեքենաները խազում են, բոլոր տեսակի շանտաժներով գումարը վերցնում են: Ոստիկանությունից գալիս են, ձեւական ասում են՝ գնացեք, երկու րոպե հետո նորից գալիս կանգնում ու փող են վերցնում»,-ասաց նա:

Քաղաքապետն առաջարկեց, որ կարելի է այդ հատվածում ընդհանրապես արգելել ավտոմեքենաների կայանումը: