Wildberries առցանց ռուսական խանութն արդեն երկրորդ օրն է՝ խափանումներնով է աշխատում։ Ծրագրի օգտատերերը դժգոհում են, որ համակարգն իրենց անձնական հաշիվները չի ճանաչում, ցույց չի տալիս, թե որտեղ են հասել գրանցված պատվերները։
«Ես հիմա մտնում եմ իմ էջը, բայց ոչ մի բան ցույց չի տալիս՝ չնայած, որ ունեմ պատվեր, որը պետք է մարտին լիներ այստեղ։ Անգամ իմ նախկին գնումները ցույց չի տալիս»,- NEWS.am-ի հետ զրույցում առցանց խանութի հաճախորդ Հայկը։
«Այն մարդիկ, որոնք ծրագրով ինչ-որ բան են վաճառում Ռուսաստանում, իրենց ծրագիրն էլ արդեն չի աշխատում։ Գրում ենք համարը, բայց հաղորդագրություն չի գալիս ո՛չ ռուսական, ո՛չ էլ հայկական համարներին»,- նշեց մեկ այլ հաճախորդ Նեեմիան։
Ընկերությունն այս խնդիրը զուտ տեխնիկական է բնորոշում։ Ըստ ընկերության այսօր տարածած հաղորդագրության՝ խնդրի 70 %-ը լուծված է։
«Մարտի 14-ին ընկերության բջջային հավելվածների եւ կայքի աշխատանքներում տեխնիկական սխալներ են գրանցվել։ Մեր փորձագետները վերացրել են դրանց ավելի քան 70%-ը. բջջային հավելվածներում պատվերներն ու վճարումները կատարվում են սովորականի պես։ Մնացած բոլոր սխալները շուտով կշտկվեն:
Հարկ է նշել, որ մեր օգտատերերի անձնական եւ ֆինանսական տեղեկատվությունը չի տուժել. բանկային քարտի տվյալները ապահով կերպով պաշտպանված են՝ համաձայն Payment Card Industry Data Security Standard-ի (PCI DSS), որը մշակվել է վճարումների ոլորտում առաջատար միջազգային խաղացողների կողմից»,- նշված է հայտարարությունում։
Հայ եւ ռուս օգտատերերին, սակայն, պարզաբանումը այդքան էլ չի հուսադրում։ Նրանց հատկապես բարկացնում է այն, որ նոր պատվերներ գրանցել արդեն հնարավոր է, սակայն անհայտ է արդեն իսկ առկա պատվերների ճակատագիրը։ Ստեղծված իրավիճակում նրանք նոր պատվերների գրանցումը հուսալի չեն համարում։
Ռուսաստանյան առցանց խանութից տասնյակ հազարավոր հայաստանցիներ են օգտվում։ Նրանց մեծ մասը կանայք են, որոնք հիմնականում պատվիրում են հագուստ, աքսեսուարներ եւ դիմահարդարման պարագաներ։
Ընկերության Աբովյան փողոցի մասնաճյուղում սպասում են մոտ հինգ հազար միավոր ապրանքի։ Պատվերները հասնում են 4-ից 7 օրվա ընթացքում, սակայն այժմ հնարավոր է լինի մեկ-երկու ուշացում, քանի որ նախկին ուղիղ ճանապարհի փոխարեն այժմ պատվերներն անցնում են Ղազախստանով։
Երկու օրվա ընթացքում տասնյակ քաղաքացիներ են մոտեցել կետին՝ պարզաբանումներ ստանալու, որոնցից մի քանիսը մեզ հետ զրույցում նշեցին, որ առաջին անգամ են նման խնդրի բախվում։
Մասնաճյուղից էլ նշում են՝ իրենց տնօրինությունը կապի մեջ ընկերության գլխավոր գրասենյակի հետ։ Աշխատակիցը վստահեցնում է, որ խափանումը հիմնականում կապված է ծրագրային փոփոխության հետ, որն արվում է ռուբլու արժեզրկման վնասներից խուսափելու համար։
«Ծրագրում փոփոխությունը կապված է այն բանի հետ, որ ուզում են արտարժույթը փոխել։ Մարդիկ մտածում են, որ իրենց ապրանքները կորել են ու խուճապի են մատնվում։ Իրականում հնարավոր է, որ այն ինչ արվում է հօգուտ հաճախորդների լինի, եթե դրամի փոխարինվի»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց ընկերության աշխատակից Լիլյա Միրզոյանը։
Նրա խոսքով՝ հենց ռուբլու արժեզրկումն է պատճառը, որ ապրանքի հետվերադարձից հետո հաճախորդները քիչ գումար են ստանում։ Լիլյա Միրզոյանի նաև նշեց, որ այսօր այն հաճախորդները, որոնց ծրագիրը լիովին վերականգնվել է, ցույց տալով իրենց պատվերի QR կոդը՝ ստացել են իրենց պատվերները։ Ամբողջական խնդիրն ամենայն հավանականությամբ կլուծվի մինչեւ օրվա վերջ։





























