Վրաստանում ամեն մի չնչին միջադեպ կարող է հանգեցնել էթնիկ անհամաձայնության, ինչը ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ: Վրացական «Սամխրեթիս կարիբջե» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն ու հավելել. «Լավ կլինի, որ Վրաստանի կառավարությունն արագացնի վրաց հասարակության մեջ ազգային փոքրամասնությունների ինտեգրման ծրագրերի իրականացումը»:

Նա կտրականապես դեմ է, որ հայի եւ վրացու, կամ վրացու եւ այլ ազգերի միջեւ առաջանան  կենցաղային կամ քաղաքական անհամաձայնություններ:

«Ազգային փոքրամասնությունների խնդիրները նույնն են, ինչ որ վրացիներինը, դրանք են գործազրկությունը, գնաճը, սոցիալական վատ պայմանները, մնում էր միայն, որ այս ամենին գումարվի վրացիների եւ ազգային փոքրամասնությունների անհամաձայնությունը»,-հայտարարել է նա:

Ինչ վերաբերում է Հայոց եկեղեցուն Վրաստանում կարգավիճակ տալու շուրջ վերջին իրադարձություններին, ապա փորձագետը նշել է, որ բոլորի մոտ թյուր կարծիք է ձեւավորվել, թե այդ ամենը հայկական կողմի համառ պահանջի հետեւանքն է:

«Կրոնական միավորումների հարցի վերաբերյալ խոսակցությունները արդեն 6-7 տարի է, ինչ ընթանում են եւ հայերը դրա հետ որեւէ կապ չունեն: Վրաստանի ղեկավարությունը պետք է իր աշխատանքը տանի այն ուղղությամբ, որ հայ ժողովրդի վերաբերյալ սխալ կարծիք չկազմվի»,-ընդգծել է նա: