Հայաստանի իշխանություններն արդեն իսկ չեն կատարում ԵԽԽՎ ընդունած վերջին՝ 1677 բանաձեւի դրույթները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր հայտարարեց, որ ԵԽԽՎ բանաձեւը շատ օբյեկտիվ փաստաթուղթ է, քանի որ մատնանշում է թե դրական, թե բացասական երեւույթները: Ըստ ՄԻՊ-ի՝ նախորդ բոլոր բանաձեւերի դրույթները մնում են ուժի մեջ, եւ Հայաստանը մնում է մոնիտորինգի տակ: Արմեն Հարությունյանը կետ առ կետ ներկայացրեց ԵԽԽՎ բանաձեւի կետերը՝ հստակեցնելով, թե որ կետն են կատարել իշխանությունները, որը՝ ոչ:
Արմեն Հարությունյանը հատուկ ընդգծեց, որ իշխանությունները արդեն իսկ չեն կատարում ԵԽԽՎ 1677 բանաձեւի 5.3 հետը, որը պահանջում էր զերծ մնալ կալանքի ենթարկելուց այն անձանց, որոնք մինչեւ հուլիսի 31-ը կներկայանան իրավապահներին: Ըստ Արմեն Հարությունյանի՝ դրա լավագույն օրինակը Նիկոլ Փաշինյանի դեպքն է, որին անմիջապես ձերբակալեցին: «Ինձ համար անհասկանալի է խափանման միջոցի կիրառումը: Եթե ներկայացել է, ի՞նչ իմաստ ուներ կալանքի ենթարկել: Իհարկե կարելի է գնալ խելագարի կանխավարկածով եւ հայտարարել, թե կարող է նորից խուսափել քննությունից»,- իշխանությունների կանխավարկածի վրա զարմացավ ՄԻՊ-ը:
«Բանաձեւն իրոք օբյեկտիվ է, ներկայացնում է եւ դրականը, եւ բացասականը: Բայց Իմ գնհատականն այն է, որ չլուծված խնդիրներն ավելի շատ են, քան լուծվածները»,- արձանագրեց Արմեն Հարությունյանը: Անդրադառնալով համաներմանը, ՄԻՊ-ը նշեց, որ իր համար անընդունելի էր հակասական վերաբերմունքը: «Ես կցանկանայի, որ այն տարածվեր մարտի 1-ով բոլոր ձերբակալվածների վրա»,- արձանագրեց Հարությունյանը:
Ի դեպ, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները երեկ հանդիպել են քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին: ՄԻՊ-ն այսօր հրաժարվեց գնահատական տալ, թե թե հուլիսի 1-ին, երբ ոստիկանները հարձակվեցին եւ դաժան ծեծի ենթարկեցին հանրահավաքի մասին իրազեկող երիտասարդներին, ով է սխալ եղել: Ավելին, խնդրեց, որ միջոցառումների ժամանակ իրենց տեղյակ պահեմ, որ արագ արձագանքման խումբը միշտ մասնակցի եւ տեղում իմանա, թե ինչ է կատարվել:



























