Տեղեկությունը, որ նախօրեին Ռուսաստանի Նիժեգորոդսկի մարզի Ձերժինսկ քաղաքում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ վիճաբանություն է ծագել, համապատասխանում է իրականությանը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանիկյանցը՝ նշելով, որ վեճը ազգային հողի վրա չի եղել։

«Վիճաբանության  պատճառն առետրային է եղել. կողմերը համաձայնության չեն եկել ավտոպահեստամասերի գների շուրջ։ «Հին Բաքու» սրճարանում տեղի ունեցած վիճաբանությանը մասնակցել են 50 ադրբեջանցիներ, երկու հայ եւ նրանց հետ եղած 3 եզդի։ Բավական լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչը վերաճել է փոխհրաձգության, որի արդյունքում վիրավորվել է մեկ հայ, մեկ ադրբեջանցի եւ մի եզդի։ Կրակել են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից»,- նշեց Անանիկյանցը։

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահի խոսքով, միջադեպից հետո հանդիպել են հայկական եւ ադրբեջանական համայնքների ղեկավարները, քննարկել իրավիճակը եւ հաշտության պայմանավորվածություն ձեռք բերել։

Ներկա դրությամբ, Անանիկյանցի խոսքով, հարցը փակված է, իրավիճակը՝ կայուն։ Նրա տեղեկացմամբ, ինքը չի տիրապետում տեղեկատվությանը՝ հարուցվե՞լ է քրեական գործ, թե` ոչ։

Նա նաեւ հայտնեց, որ Նիժեգորոդսկի մարզում ավելի քան 30 հազար Ռուսաստանի քաղաքացի հայ է բնակվում, ադրբեջանական համայնքն ավելի փոքր է։ 

Նշենք, որ մի քանի հայաստանցիներ եւ ադրբեջանցիներ Ռուսաստանի Նիժեգորոդսկի մարզի Ձերժինսկ քաղաքի սրճարաններից մեկում կրակել են միմյանց վրա։

Միջադեպը տեղի է ունեցել «Հին Բաքու» սրճարանում։ Հայերի եւ ադրբեջանցիների միջեւ վեճաբանություն է սկսվել, որի ժամանակ հայերից մեկը որսորդական հրացանից կրակել է ընդդիմախոսների ուղղությամբ։ Կրակոցների արդյունքում նրանցից երկուսի ձախ ձեռքերը պոկվել են, իսկ մի տղամարդ ոտքի վնասվածք է ստացել։

Կասկածյալը դեպքի վայրից փախուստի է դիմել։ Նրա ինքնությունը պարզվել է, տղամարդը հետախուզման մեջ է գտնվում։ Վիճաբանության պատճառները ճշտվում են։