Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին շաբաթ օրը հերքել է միջամտությունը երկրի դատական համակարգին՝ միաժամանակ նշելով, որ դրա աշխատանքում կան «թերացումներ»։ Սա տեղի է ունեցել բանկերի դեմ կայացված մի շարք դատավճիռներից հետո, որոնք ստիպել են նրանց հաջորդ շաբաթ գործադուլ հայտարարել, հաղորդում է Reuters-ը:
Միքաթին հանդես է եկել կառավարության արտակարգ նիստից հետո, որը գումարվել է բանկերի դեմ կայացված վճիռները քննարկելու համար։ Բանկերից 7-ի ակտիվները մարտի 14-ից դատարանի որոշմամբ սառեցվել են: Ի պատասխան՝ բանկերը նախատեսում են երկուշաբթի օրվանից երկօրյա գործադուլ անել։
Մի դեպքում դատավորը վճիռ է կայացրել հօգուտ ավանդատուի, որը պահանջել է, որ Francebank-ը վերաբացի իր հաշիվը եւ վճարի իր ավանդը՝ մոտ 34 000 դոլար կանխիկ գումար։
Francebank-ը հայտարարել է, որ իր ակտիվների սառեցման եւ պահոցների կնքման պատճառով չի կարող կանխիկ գործարքներ իրականացնել:
Կառավարության նիստի նախաշեմին ավանդատուներին ներկայացնող արհմիությունը Twitter-ում հայտնել է, որ կառավարությունը նիստ է գումարում, որպեսզի «Լիբանանի դատական համակարգին խանգարի բանկերի եւ դրանց սեփականատերերի դեմ ավանդատուների գործերով որոշում կայացնել»:
Մեկ այլ դատավոր սառեցրել է վեց բանկերի ակտիվները՝ կապված նրանց եւ կենտրոնական բանկի միջեւ գործարքների հետաքննության հետ:
Ավելի քան 100 մլրդ դոլար արգելափակված է բանկային համակարգում, որը կաթվածահար է 2019-ից, երբ Լիբանանն ընկղմվեց ավերիչ ֆինանսական ճգնաժամի մեջ:
Միքաթին ասել է, որ կառավարությունը հավատարիմ է դատական համակարգի անկախությանը եւ չի միջամտում նրա աշխատանքին:
Քանի որ Լիբանանը կապիտալի տեղաշարժի վերահսկման մասին օրենք չի ընդունել, բանկերը ստիպված են վերահսկողության ոչ պաշտոնական միջոցներ կիրառել, որոնք անհավասարաչափ են ավանդատուների հանդեպ: Բանկերը հայտարարում են, որ այդպիսի օրենքն ընդունելու կոչ են արել։





























