Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ «Վլադիմիր Պուտինի դաժան ներխուժումը հարեւան երկիր թելադրված է այն վախով, որ Ուկրաինայի հաջողությունը Մոսկվայում դեմոկրատական հեղափոխություն կառաջացնի», հաղորդում է PA Media-ն։

Ըստ Ջոնսոնի՝ Պուտինը «լիակատար խուճապի մեջ էր ժողովրդական ապստամբության հեռանկարից, եթե թույլ տրվեր, որ Կիեւում ազատությունը ծաղկի»:

Մեծ Բրիտանիայի վարչապետը նաեւ ասել է, որ «պատերազմը շրջադարձային պահ դարձավ ողջ աշխարհի համար՝ ստիպելով երկրներին դիմակայել Ռուսաստանին, այլ ոչ թե տուրք տալ բռնակալությանը»։

«Եթե Ուկրաինային հիմա չաջակցենք, դա կհանգեցնի Արեւելյան Եվրոպայում ահաբեկման նոր դարաշրջանի՝ Բալթիկ ծովից մինչեւ Սեւ ծով»,- հավելել է նա։

Ելույթ ունենալով Բլեքփուլում Պահպանողական կուսակցության գարնանային համաժողովում՝ Ջոնսոնը նշել է, որ Վլադիմիր Պուտինի գործողությունները ՆԱՏՕ-ի հետ կապված մտահոգությունների արդյունք չեն, քանի որ իրականում նա չէր հավատում, որ Ուկրաինան պատրաստվում է շուտով անդամակցել ՆԱՏՕ-ին, կամ երկրում արեւմտյան հրթիռների տեղակայման հեռանկարին։

«Ես կարծում եմ, որ նա Ուկրաինայից բոլորովին այլ պատճառով վախեցավ։ Նա Ուկրաինայից վախեցավ, քանի որ Ուկրաինան ունի ազատ մամուլ, Ուկրաինայում ազատ ընտրություններ են»,- ասել է Ջոնսոնը։

Հենց «քանի որ Ուկրաինան եւ Ռուսաստանը պատմականորեն այնքան մոտ էին, նա վախեցավ ուկրաինական այս մոդելի ազդեցությունից իր եւ Ռուսաստանի վրա»:

«Հաղթելով՝ Պուտինը կանգ չի առնի Ուկրաինայի վրա, եւ Ուկրաինայում ազատության ավարտը կնշանակի Վրաստանում, իսկ հետո Մոլդովայում ազատության ցանկացած հույսի վերջ, դա կնշանակի Արեւելյան Եվրոպայում՝ Բալթիկ ծովից մինչեւ Սեւ ծով, ահաբեկման նոր դարաշրջանի սկիզբ»,- ասել է Ջոնսոնը։

Նա նաեւ խոստովանել է, որ Ռուսաստանի ղեկավարության արագ փոփոխության հույս չկա:

«Ես չեմ հավատում, որ մոտ ապագայում Կրեմլում ժողովրդավարական ազատություններ կծնվեն, դա բոլորովին էլ այդպես չէ։ Բայց ամեն անցնող օրը ես կարծում եմ, որ Պուտինը դառնում է ավելի ու ավելի գովազդային հնարք այն համակարգի համար, որը նա ատում եւ արհամարհում է, եւ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, թե ինչու մենք պետք է պաշտպանենք Ուկրաինային»,- ասել է Բորիս Ջոնսոնը: