Ռուսաստանը կարող է Ուկրաինայից փախստականների մեջ թաքնված կին գործակալներ ուղարկել Մեծ Բրիտանիա՝ կենսաբանական կամ քիմիական ահաբեկչություններ իրականացնելու համար, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը, հայտնում է The Independent-ը։

Հանդես գալով պատերազմից փախած ուկրաինացիներից վիզաներ պահանջելու օգտին՝ Փաթելն ասել է, որ «մի խումբ մարդիկ, որոնք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից անմեղ փախստականների հոսքի մեջ կներդրվեն, կարող են լիակատար քաոս սերմանել Մեծ Բրիտանիայում»:

Եվ քանի որ փախստականների մեծ մասը կանայք եւ երեխաներ են, իսկ տղամարդիկ մնում են Ուկրաինայում կռվելու համար, նա զգուշացրել է, որ «միամտություն եւ սխալ» կլինի կարծել, թե միայն տղամարդիկ են ունակ ահաբեկչություններ կազմակերպել բրիտանական հողում։

Փաթելը նաեւ ասել է, որ փախստականների վիզայի գործընթացի շրջանակներում անցկացվող անվտանգության ստուգումները կօգնեն խուսափել Սոլսբերիում «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութի կիրառմամբ գրոհի կրկնությունից, որի հետեւանքով 2018թ․ սպանվեց բրիտանացի Դոն Սթերջեսը:

«Ինձ հարցնում են, թե ինչու մենք չենք կարող դադարեցնել պուտինյան պատերազմից փախած մարդկանց անվտանգության ստուգումները»,- ասել է նա:

«Ճշմարտությունն այն է, որ շատ փոքր թվով մարդիկ կարող են լիակատար քաոս սերմանել, իսկ Ռուսաստանը գաղտնի թշնամական գործունեության պատմություն ունի: Վախենամ միամիտություն ու սխալ է կարծել, թե գաղտնի գործակալ միայն տղամարդիկ կարող են լինել։ Կամ, որ փախստականների հոսքերը չեն ենթարկվի այս կամ այն շահագործման»,- հավելել է Փաթելը: