Պակիստանի խորհրդարանը առաջիկա ուրբաթ օրը կգումարվի՝ քննարկելու համար վարչապետ Իմրան Խանին անվստահություն հայտնելու հարցը, կիրակի տեղեկացրել է ստորին պալատի խոսնակի գրասենյակը։ Դա ամենածանր փորձությունը կլինի Խանի համար 2018թ. իշխանության գալու պահից սկսած, տեղեկացրել է Reuters-ը։
Ընդդիմադիր կուսակցությունների դաշինքն այս ամիս միջնորդություն է ներկայացրել Խանին անվստահություն հայտնելու վերաբերյալ՝ հայտարարելով, որ նա իր խորհրդարանական մեծամասնությունը կորցրել է կուսակցությունից ավելի քան տասնյակ «դասալքություններից» հետո, ինչը մեծացնում է երկրում քաղաքական ցնցումների վտանգը։
Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանի ստորին պալատի խոսնակը պետք է նիստ գումարի միջնորդությունն ստանալուց 14 օր հետո, ինչը համընկնում է երկուշաբթի օրվա հետ։
Բայց խոսնակի գրասենյակի հայտարարությունում նշվել է, որ ամսաթիվը մի քանի օրով հետ է տարվել Իսլամաբադում իսլամական երկրների համաժողովի պատճառով, որը նախատեսված է մարտի 23-ին։
Ընդդիմությունը Խանին մեղադրում է տնտեսությունը եւ արտաքին քաղաքականությունը ոչ ճիշտ վարելու համար։ Նա չի ընդունում այդ մեղադրանքը։ Պակիստանի ոչ մի վարչապետ երբեք այսպես չի ավարտել իր լիազորությունների ժամկետը։
«Դասալիք» օրենսդիրների պատճառով Խանը 12 տեղ է կորցրել խորհրդարանում, որտեղ մեծամասնություն ունենալու նվազագույն շեմը 172-ն է։ Միավորված ընդդիմությունը 163 տեղ ունի խորհրդարանի ստորին պալատում, բայց կարող է մեծամասնություն ունենալ, եթե ճամբարափոխների մեծամասնությունը մտնի ընդդիմության շարքերը՝ անվստահության մասին քվեարկության արդյունքում։
Ընդդիմությունը եւ քաղաքական վերլուծաբանները նաեւ հավաստիացնում են, որ Խանը փչացրել է հարաբերությունները պակիստանցի հզոր զինվորականների հետ։
Խանը եւ զինվորականները հերքում են այս պնդումը։





























