Ալժիրը հետ է կանչել Իսպանիայում իր դեսպանին՝ ի նշան բողոքի, քանի որ Մադրիդը կողմ է Արեւմտյան Սահարային ինքնավարություն տրամադրելու մարոկկոյական պլանին, տեղեկացրել է AP-ը։
Իսպանական այդ նախկին գաղութը վիճելի տարածք է Մարոկկոյի եւ Ալժիրի աջակցությունը վայելող Պոլիսարիոյի Ճակատի անկախության շարժման միջեւ։
Ալժիրը դատապարտել է Իսպանիայի «կտրուկ շրջադարձը»՝ հայտարարելով, որ այդ երկիրն առաջ չեզոքություն էր ցուցաբերում Արեւմտյան Սահարայի կարգավիճակի հարցում։
Ալժիրն աջակցել է Պոլիսարիոյի Ճակատին 1975թ. Արեւմտյան Սահարայի՝ Մարոկկոյին անցնելուց հետո։
Իսպանիան ուրբաթ օրը հավանություն էր տվել Ռաբաթի իշխանության ներքո Արեւմտյան Սահարային ինքնավարություն տալու Մարոկկոյի առաջարկին՝ այն անվանելով «ամենալուրջ, իրատեսական եւ արժանահավատ» նախաձեռնությունը աֆրիկյան բավական ընդարձակ տարածքի համար տասնամյակներ շարունակվող վեճի լուծման հարցում։
Պոլիսարիոյի Ճակատն, իր հերթին, Իսպանիային մեղադրել է «լուրջ սխալ» գործելու մեջ։ Շարժումը շարունակում է անկախության հանրաքվեի անցկացման կոչեր անել։
Իսպանիայի արտագին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը շաբաթ օրը ուշ երեկոյան հայտարարել էր, որ Մադրիդը «մինչ այդ Ալժիրի կառավարությանը տեղեկացրել էր Սահարայի վերաբերյալ իր դիրքորոշման մասին»։
«Իսպանիայի համար Ալժիրը ռազմավարական, գերակա եւ հուսալի գործընկեր է, որի հետ մենք մտադիր ենք արտոնյալ հարաբերություններ պահպանել»,- ԶԼՄ-ներին տեղեկացրել է անունը չնշած պաշտոնական աղբյուրը։





























