Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը, շարունակելով Ռուսաստանի հասցեին իր ոչ բացահայտ քննադատությունը, հակամարտությունն Ուկրաինայում անվանել է չարդարացված, «անիմաստ սպանդ» ու կոչ է արել միջազգային հանրության առաջնորդներին կանգնեցնել «այդ նողկալի պատերազմը, տեղեկացրել է Reuters-ը։
«Ուկրաինայի դեմ բռնի ագրեսիան, ցավոք, չի մարում»,- իր ամենշաբաթյա կիրակնօրյա ուղերձի եւ օրհնության ժամանակ ասել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում։
«Դա անիմաստ սպանդ է, որտեղ ամեն օր կոտորած եւ վայրագություններ են տեղի ունենում»,- ասել է Ֆրանցիսկոսը։
«Ես խնդրում եմ միջազգային հանրության բոլոր մասնակիցներին իսկապես պարտավորվել՝ կանգնեցնելու այդ նողկալի պատերազմը»,- ասել է Հռոմի պապը՝ ի պատասխան ստանալով ամբոխի հավանության բացականչություններն ու ծափերը։
«Այս շաբաթ հրթիռներն ու ռումբերն անգամ ընկնում են խաղաղ բնակիչների, տարեց մարդկանց, երեխաների եւ հղի կանանց վրա»,- ասել է նա։
Ֆրանցիսկոս Առաջինը պատմել է նաեւ շաբաթ օրը Հռոմի հիվանդանոց կատարած իր այցելության մասին, որտեղ բուժում են ստանում Ուկրաինայում վիրավորված երեխաները։
Հռոմի պապը նաեւ Ուկրաինայից փախչող մարդկանց խնդրել է «պաշտպանվել մարդկանց հնարավոր առեւտրից»։
Պաշտոնյաների եւ հումանիտար ոլորտի աշխատակիցների խոսքով՝ Լեհաստանում նկատվել են Ուկրաինայում պատերազմից փրկվել փորձող փախստականների առեւտրով զբաղվելու դեպքեր։ Որոշ կանխիչ միջոցներ են ձեռնարկվել։
Բեռլինն, իր հերթին, նախազգուշացրել է ուկրաինացի փախստականներին՝ չընդունել փողի կամ կացարանի առաջարկներ հիմնականում երկաթուղային կայարաններում, քանի որ նրանց կարող են ներգրավել հարկադրական մարմնավաճառության կամ մարդկանց առեւտրի այլ ձեւերի մեջ։





























