Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ենթարկվել է քննադատության Ռուսաստանի գործողությունների դեմ ուկրաինացիների պայքարը Մեծ Բրիտանիայի բնակիչների հետ համեմատելու պատճառով, երբ վերջինները քվեարկում էին բրեքսիթի համար, տեղեկացրել է BBC-ն։

Բլեքփուլում շաբաթ օրը Պահպանողական կուսակցության գարնանային համաժողովում ունեցած ելույթում նա հայտարարել է, թե բրիտանացիները, ինչպես եւ ուկրաինացիները, «ազատությունն ընտրելու» բնազդ ունեն, եւ որպես «վերջերս տեղի ունեցած օրինակ» ներկայացրել է 2016թ. ԵՄ-ի կազմից դուրս գալու քվեարկությունը։

«Ես գիտեմ, որ այս երկրի ժողովրդի բնազդը, ինչպես եւ Ուկրաինայի ժողովրդինը, միշտ ընտրում է ազատությունը։ Ես կարող եմ ձեզ մեկ-երկու հայտնի օրինակներ բերել։ Երբ բրիտանացի ժողովուրդը վերջերս քվեարկեց հօգուտ Brexit-ի՝ այդպիսի մեծ թվաքանակով,  ես չեմ կարծում, թե դա տեղի ունեցավ այն պատճառով, որ նրանք թշնամաբար էին տրամադրված օտարերկրացիների հանդեպ։ Այլ այն պատճառով, որ նրանք ցանկանում էին ազատ լինել, որպեսզի այլ կերպ վարվեն, եւ որպեսզի այս երկիրը կարողանա կառավարել ինքն իրեն»,- ասել էր Բորիս Ջոնսոնը։

Այս արտահայտությունը զայրացրել է ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ Եվրոպայի քաղաքական գործիչներին։

Մասնավորապես, Եվրախորհրդի նախկին ղեկավար Դոնալդ Տուսկը Ջոնսոնի ելույթը վիրավորական է անվանել։

Իր հերթին, պեր, պահպանողական լորդ Բարվելն ասել է, որ հանրաքվեի քվեարկությունը «որեւէ կերպ չի կարելի համեմատել պատերազմում կյանքի վտանգի հետ», իսկ լիբերալ-դեմոկրատների առաջնորդ, սըր Էդ Դեյվին ասել է, որ դա «վիրավորանք» է ուկրաինացիների հասցեին։