Կոսովոն կրկին հայտնվել է միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Կոսովոյի կառավարության փոխանցմամբ, հուլիսի 25-ի երեկոյան ոստիկանությունը փորձել է իր վերահսկողության տակ վերցնել Սերբիայի հետ սահմանին` հյուսիսային Միտրովիցայում գտնվող երկու անցակետերը, ինչը նոր լարման պատճառ է դարձել: Աշխարհում արդեն սկսել են խոսել, որ Կոսովոյի եւ Սերբիայի հարաբերությունների «ջերմացման» փուլն ավարտվեց:

Տեղի սերբերը փակել են ճանապարհը եւ զինված դիմադրություն ցույց տվել Կոսովոյի ոստիկաններին, որի արդյունքում մեկ ոստիկան մահացել է: Պաշտոնական վարկածի համաձայն, ոստիկանների ջոկատն ընկել է շրջափակման մեջ, հաղորդում է bbc.co.uk-ն:

Կոսովոյի ալբանցիների պատասխանը չի ուշացել. «Մենք չենք կարող դիտորդի դերում մնալ եւ մշտապես հանդուրժել, որ մեր տարածքի մի մասը սեւ անցք դառնա ոչ միայն Կոսովոյի, այլեւ ողջ Եվրոպայի համար: Մենք չենք կարող հանդուրժել մեր սուվերենության խախտումները»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին: Նա նաեւ նշել է, որ Բելգրադը «պատերազմ չի սկսի» Կոսովոյի իրավապահների կողմից այդ երկու անցակետերը գրավելու պատճառով եւ կփորձի խնդիրը կարծավորել դիվանագիտական ճանապարհով:

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը կոչ է արել Բելգրադին եւ Պրիշտինային շտապ միջոցներ ձեռք առնել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ, նաեւ հայտարարել. «ԱՄՆ-ն ափսոսում է, որ նախորդ գիշերը Կոսովոյի կառավարության գործողությունները համաձայնեցված չեն եղել միջազգային հանրության հետ»:

Բրյուսելում նույնպես արձագանքել են տեղի ունեցածին. «Մենք համարում ենք, որ Կոսովոյի իշխանությունների գործողությունները գործին օգուտ չեն տվել: Մենք այն հավանության չենք արժանացնում»,- հայտարարել է ԵՄ արտաքաին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: