Ամերիկյան SpaceX ընկերությունը նախատեսում է մայիսին առաջին անգամ մերձերկրյա ուղեծիր ուղարկել Starship տիեզերանավի նախատիպը, հայտնել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մինչեւ հաջորդ ամիս մենք կավարտենք 39 թռիչքի համար պատրաստ շարժիչների կառուցումը, այնուհետեւ կպահանջվի եւս մեկ ամիս դրանց ներդրման համար, այնպես որ հուսով եմ՝ մայիսին ուղեծրային թռիչք տեղի կունենա»,- գրել է նա Twitter-ում:

Բազմակի օգտագործման Starship տիեզերանավը նախատեսված է դեպի Մարս թռիչքների համար եւ հաշվարկված է 100 մարդու համար։ Նավի նախատիպերը արդեն մի քանի անգամ փորձնական թռիչքներ են կատարել՝ Երկիր վերադառնալով, սակայն մինչ այժմ դրանք անցել են Երկրի մթնոլորտի ներսով։ Starship-ի թռիչքի բոլոր փորձարկումներից միայն 2021թ․ մայիսին տեղի ունեցած վերջինի ընթացքում է, որ սարքը չի ոչնչացել։