Չինաստանի իշխանություններն ազատել են թրաֆիքինգի զոհ դարձած 89 երեխաներին եւ կալանավորել թրաֆիքինգով զբաղվող երկու խմբավորումների 369 կասկածյալներին, հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով Չինաստանի հասարակական անվտանգության նախարարության կայքը:

Երեխաներից ամենակրտսերը 10 օրական է, ամենամեծը` 4 տարեկան: Գործակալության տվյալներով, երեխաների անօրինական առեւտուրը պահանջարկ է վայելում նրանց մոտ, ովքեր չեն կարողանում երեխա ունենալ, ինչպես նաեւ նրանց մոտ, ովքեր երեխաներին օգտագործում են որպես ստրուկներ:

Բացահայտված խմբավորումներից մեկը թրաֆիքինգով է զբաղվել Չինաստանի 14 նահանգներում: Երկրորդ խումբը երեխաների վաճառքով է զբաղվել Վիետնամում:

Հանցավոր խմբավորումների բացահայտմանը մասնակցել է 2600 ոստիկան: Երեխաներին ազատելուց հետո նրանց տեղավորել են մանկատներում, մինչեւ ծնողների ի հայտ գալը:

Դեռեւս անհայտ է, թե ազատված երեխաներից քանիսին են գողացել, եւ քանիսին ծնողներն են վաճառել: Բանն այն է, որ Չինաստանում սահմանափակումներ կան երեխաներ ունենալու հարցում եւ քանի որ ծնողները անպայման ցանկանում են տղա երեխա ունենալ, աղջիկներին վաճառում են, որպեսզի հնարավորություն ստանան եւս մեկ երեխա ունենալ: