Մինչեւ արգելքի վերացումը (Ռուսաստանից-խմբ․) Հայաստանն ունի հացահատիկի բավարար պաշարներ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշտական կապի մեջ է ԵԱՏՄ գործընկերների հետ, որպեսզի պարենային անվտանգության տեսանկյունից ընդհանուր խնդիրները լուծվեն: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Պարենային անվտանգության համակարգի զարգացումը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում եւ Կառավարության 2021-2026թթ․ ծրագրում ներառված է «Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության եւ 2022-2026թթ․ գործողությունների ծրագրի մշակում» միջոցառումը եւ այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Ներմուծման հետ կապված հարցերը գտնվում են էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում, պարբերաբար քննարկվում են խոշոր ներկրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ օպերատիվ լուծում տալու նպատակով: Ներկայումս առկա խնդիրները կառավարելի են։





























