Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի համար էլեկտրամոբիլների ներմուծման անմաքս քվոտաներ է սահմանել, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Հայաստանի համար 2022թ․ քվոտան 7000 ավտոմեքենա է, 2023-ինը՝ 8000, Բելառուսի համար՝ համապատասխանաբար 10 000 եւ 15 000, Ղազախստանի համար նույնպես 10 000 եւ 15 000, Ղրղըզստանի համար՝ 5000 եւ 10 000, ասվում է ԵՏՀ խորհրդի որոշման տեքստում։

Քվոտայի շրջանակներում ներկրվող մեքենաները կարող են վերավաճառել միայն Հայաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի եւ Ղազախստանի քաղաքացիները։

«Չի թույլատրվում էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների տիրապետման, օգտագործման, տնօրինման իրավունքները փոխանցել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն եւ (կամ) Ռուսաստանի Դաշնությունում մշտական բնակություն ունեցող անձանց»,- ասվում է որոշման՝ ԵՏՀ խորհրդի կողմից հաստատված 2017թ․ դեկտեմբերի «Անձնական օգտագործման ապրանքներին վերաբերող որոշ հարցերի վերաբերյալ» փոփոխության մեջ։

Այս սահմանափակումը կգործի ԵԱՏՄ էլեկտրամոբիլի ներմուծումից հետո երեք տարվա ընթացքում կամ մինչեւ տուրքի վճարումը։