Ավարտվել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի երկօրյա պաշտոնական այցը Ադրբեջան։ Ինչպես հաղորդում է ռուսական REGNUM գործակալությունը, Բաշար Ասադի այցի ծրագրում, Ադրբեջանի պետական կանոնակարգի համաձայն, ընդգրկված է եղել այցելություն Բաքվի «Շեհիդների ծառուղի», որտեղ թաղված են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում սպանված զինվորները։

Սակայն, Սիրիայի նախագահը հրաժարվել է այցելել այդ գերեզմանատուն՝ դրանով իսկ իր համերաշխությունը ցուցադրելով Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում։

Հիշեցնենք, որ հունիսին Բաշար Ասադը պաշտոնական այցով եղել էր Հայաստանում, որտեղ արտահայտվել էր ազգերի ինքնորոշման սկզբունքին աջակցելու օգտին։ Հարկ է նշել նաև, որ Ադրբեջանում մամուլի համար ունեցած ելույթում Սիրիայի Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Սիրիան լավ հարաբերություններ ունի ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմի հետ և կարող է իր ավանդը ներդնել ղարաբաղյան հարցի լուծման գործում։