Թբիլիսիում վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներն ուղեւորվել են դեպի Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենքի ուղղությամբ, հայտնում է Грузия-Online-ը:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են. «Բողոք՝ ընդդեմ վառելիքի գների», «Ոչ՝ կյանքի թանկացմանը», «Դուրս եկե՛ք, դուրե եկե՛ք»:
Նրանք կոչ են անում վարորդներին կանգնեցնել իրենց մեքենաները ճանապարհին, ինչի հետեւանքով երթեւեկությունը Ռուսթավելի պողոտայում ժամանակավորապես արգելափակվել է: Ցույցի մասնակիցներին են միացել նաեւ տարբեր ընկերությունների առաքիչները:
Ցուցարարները սեփական մեքենաներով արգելափակել են Թբիլիսիում Հերոսների հրապարակ տանող էստակադայի մուտքը, իսկ տեղում գտնվող վարորդները փակել են ճանապարհը, ինչի հետեւանքով ավտոմոբիլային երթեւեկությունը կաթվածահար է եղել: Ոստիկանությունըկարճ ժամանակ անց ազատել է երթեւեկելի հատվածը:
Այսօրվա ակցիայի երկու գլխավոր պահանջն էր վառելիքի ակցիզային հարկի չեղարկումը եւ ԱԱՀ-ի փոխադրումը լողացող ռեժիմի, ինչը, ցուցարարների խոսքով, կնվազեցնի վառելիքի գինը 80-90 թեթրիով:
Վառելիքի գնի բարձրացման դեմ ցույցեր են տեղի ունեցել նաեւ Բաթում, Օզուրգեթի, Քութայիս եւ Թելավ քաղաքներում:





























