«Էներգոմաշ» և «Ռուսական տիեզերական համակարգեր» ընկերությունները կարող են ներգրավվել ավիացիայի համար բաղադրամասերի արտադրությանը: Այս մասին լրագրողներին հայտնել է պետական ընկերության ղեկավար Դմիտրի Ռոգոզինը, փոխանցում է Интерфакс-АВН-ը:
«Մենք ծրագրում ենք այդ ժամանակահատվածում օգնություն ցուցաբերել մեր մյուս ոլորտներին, որոնք մեծագույն բարդությունների առաջ են կանգնած: Նախեւառաջ դա ավիացիան է: Մենք պատրաստ ենք «Էներգոմաշ» ՓԲԸ բազայում ավիացիոն տեխնիկայի համար բաղադրամասերի արտադրություն սկսել: Մենք պատրաստ ենք «Ռուսական տիեզերական համակարգեր» ընկերության բազայում ավիոնիկայի արտադրություն գործարկել ավիացիայի համար»,- ասել է Ռոգոզինը:
ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան մարտի 25-ին հայտարարել էր, որ կառավարությունը կշարունակի լուծումներ մշակել՝ ռուսական ավիացիային աջակցելու համար:
«Մենք շարունակելու ենք հետեւել ավիացիոն ոլորտում տիրող իրավիճակին: Մեր հիմնական խնդիրը եզակի անձնակազմը պահպանելն է, որը հիմնական դերակատարություն ունի ոլորտի գործառնության ապահովման համար: Կառավարությունը կշարունակի աշխատանք տանել ավիացիային աջակցելու համար որոշումների մշակման հարցում»,- ասել է Գոլիկովան:





























