Դիմակներով եւ արեւային ակնոցներով տասնյակ մարդիկ, ենթադրաբար սերբեր, «մոլոտովյան կոկտեյլներ» են նետել Յարինյե բնակավայրի մոտ գտնվող անցակետի ուղղությամբ: Նախօրեին Սերբիայի եւ Կոսովոյի սահմանին գտնվող անցակետն իրենց վերահսկողության տակ էին վերցրել Կոսովոյի ոստիկանները, ինչը լուրջ լարում էր առաջ բերել սերբերի ու ալբանացիների միջեւ:
Այրվող հեղուկով շշեր են նետվել նաեւ մոտակայքում գտնվող ՆԱՏՕ-ի բազայի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Կոսովոյում հարձակվել են միկրոավտոբուսի վրա, հաղորդում է սերբական «Տանյուգ» գործակալությունը: Խորվաթիայի պաշտպանության նախարարության տվյալներով, այսօր կրակ են բացել իր ռազմաօդային ուժերին պատկանող ուղղաթիռի վրա, որը գործում է Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի կազմում:
Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին անկարգությունների մեջ մեղադրել է «Կոսովոյի սերբ բնակչության կառույցներին եւ պաշտոնական Բելգրադին»:
Հիշեցնենք, որ ամեն բան սկսվել է հուլիսի 25-ին, երբ Կոսովոյի ոստիկանությունը փորձել է իր վերահսկողության տակ վերցնել Սերբիայի հետ սահմանին` հյուսիսային Միտրովիցայում գտնվող երկու անցակետերը: Աշխարհում արդեն սկսել են խոսել, որ Կոսովոյի եւ Սերբիայի հարաբերությունների «ջերմացման» փուլն ավարտվեց: Տեղի սերբերը փակել են ճանապարհը եւ զինված դիմադրություն ցույց տվել Կոսովոյի ոստիկաններին, որի արդյունքում մեկ ոստիկան մահացել է: Պաշտոնական վարկածի համաձայն, ոստիկանների ջոկատն ընկել է շրջափակման մեջ, հաղորդում է bbc.co.uk-ն:




























