Արտահերթ խորհրդարանական եւ նախագահականն ընտրություններ անցկացնելու հարցը, որը բարձրացնում է ՀԱԿ-ը, կարող է ընդգրկվել ՀԱԿ-կոալիցիա բանակցությունների օրակարգում: Այս մասին այսօր` հուլիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր, ՀԱԿ-ի հետ բանակցող աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը:
Նրա կարծիքով, ցանկացած հարց, որը հուզում է այս կամ այն կողմին, կարող է օրակարգ բերվել: «Մեր գործընկերների հետ բանակցություններում մենք համաձայնություն ենք ձեռք բերել, ըստ որի, անկախ հարցի դրվածքից, այն կարող է քննարկման առարկա դառնալ: Մենք գտնվում ենք գործընթացի սկզբում եւ դրա շարունակումը կարող է հետաքրքիր զարգացումների բերել, այդ թվում նաեւ ՀԱԿ-ի համար»,- նշել է Մինասյանը:
Միաժամանակ, նա ընդգծել է, որ չի կիսում արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին կարծիքը: «Չեմ կարծում, որ մեր երկրում առկա է իրավիճակ, որի տրամաբանական լուծումը կարող են դառնալ արտահերթ ընտրությունները»,- հավելել է հանրապետական պատգամավորը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսության առաջին հանդիպումը կայացել է հուլիսի 18-ին, երկրորդը` հուլիսի 26-ին: Կոալիցիայի կողմից բանակցություններին մասնակցում է 6 հոգանոց պատվիրակություն (յուրաքանչյուր կոալիցիոն կուսակցությունից 2-ական մարդ), իսկ ՀԱԿ-ի պատվիրակության կազմում 5 մարդ է ընդգրկված` Լեւոն Զուրաբյանի գլխավորությամբ:




























