Հոկտեմբերի 14-ին Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի ու Ռուսաստանի հավաքականների ֆուտբոլային մենամարտը, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Հանդիպումից հետո տեղեկություն է տարածվել, թե թիմերը նախօրոք համաձայնեցրել էին խաղի արդյունքը, քանի որ այն մրցաշարային ոչ մի խնդիր չէր լուծում։ Այս կապակցությամբ Ռուսաստանի հավաքականի մարզիչ Գուս Հիդդինկը ադրբեջանցիների հետ խաղին դաշտ էր դուրս բերել փորձնական կազմը։
Մինչդեռ ադրբեջանական «Ազադ Ազերբայջան» հեռուստաալիքը, որն իր հաղորդումները հեռարձակում է ադրբեջաներենով, հոկտեմբերի 15-ին հակառուսական իսկական հիսթերիա էր բորբոքել։ Ահս թե ինչ էր հնչում այդ ալիքի եթերից ֆուտբոլային խաղի հաջորդ օրը.
«Թոֆիկ Բայրամովի անվան մարզադաշտում կայացած Ռուսաստանի ու Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականների երեկվա հանդիպմանը ադրբեջանցիների մի ժեստն անգամ բավական էր, որպեսզի թուրքը խրատական դաս ստանար։ Մենք երկու հսկաներին ցուցադրեցինք, թե ով ենք մենք. Ռուսաստանին՝ ֆուտբոլի դաշտում, իսկ Թուրքիային՝ տրիբունաներում։ Յուրաքանչյուր ադրբեջանցի ամբողջ հոգով ցանկանում էր հաղթել Ռուսաստանին։ Չէ որ Ռուսաստանը շատ հարցերում գրգռվածություն է հարուցում։ Ռուսաստանը՝ 200 տարի առաջ միավորվելով Իրանի հետ, տապալեց Ադրբեջանը, ձեռքերը կեղտոտեց ադրբեջանական ժողովրդի արյամբ Խոջալիի ու հունվարի 20-ի ողբերգությունների ժամանակ, զինեց Հայաստանը ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Փոքրիկ ԱՀ-ն թեկուզ ֆուտբոլի դաշտում կարողացավ արժանի դիմադրություն ցույց տալ հսկա Ռուսաստանին եւ հարված հասցնել նրան։ Հարբած ռուս մոլեռանդների իրենց տիրապետել չկարողանալը, ինչպես հարիր է հյուրին, եւ մեր երկրպագուների վրա ճայթռուկներ գցելը արդյունքում հանգեցրին բախումների։ Ռուս խուլիգաններին՝ ֆանատներին, հանգստացնել հաջողվեց միայն ոստիկանական մահակի օգնությամբ։ Ռուսական հանդիպման ժամանակ եղել է ուշադրության արժանի եւս մեկ պահ։ Ի տարբերություն թուրք ոստիկանի, որը թույլ չէր տվել ադրբեջանական դրոշներ անցկացնել մարզադաշտ եւ մի կողմ էր շպրտել այն, մերոնք թուրքական դրոշներ էին կախել տրիբունաների տեսանելի մի քանի վայրերում։ Թուրքիան միշտ էլ օրինակ է ծառայել մեզ համար։ Թող այս հարցում էլ մենք նրա համար օրինակ ծառայենք»։
Հիշեցնենք, որ այդ նույն օրը թուրքական Բուրսա քաղաքում կայացավ Թուրքիայի ու Հայաստանի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը։ Քաղաքի իշխանություններն արգելել էին մարզադաշտ մտցնել Ադրբեջանի պետական դրոշները՝ սպորտային մենամարտի ավելորդ քաղաքականացումից խուսափելու նպատակով։




























