Թուրքիային կարող է սպառնալ ավելի խորը տնտեսական ճգնաժամ, քան 20 տարի առաջ էր, կարծում է Հարվարդի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր եւ Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետ Քենեթ Ռոգոֆը։

«Այս պահին Թուրքիայի համար շատ դժվար է ինֆլյացիան նվազեցնել առանց տոկոսադրույքները լրջորեն բարձրացնելու։ Իսկապես ցավալի կլինի վերահսկել ինֆլյացիան, քանի որ տոկոսադրույքները նախկինում չեն բարձրացվել, իսկ վստահությունը կորել է կենտրոնական բանկի ղեկավարներին աշխատանքից բազմիցս հեռացնելու պատճառով»,- ասել է Ռոգոֆը, որը 2001թ․օգոստոսից մինչեւ 2003թ․ սեպտեմբերը զբաղեցրել է ԱՄՀ-ի գլխավոր տնտեսագետի պաշտոնը:

«Թուրքիան կարող է բախվել ավելի լուրջ տնտեսական ճգնաժամի, քան երկու տասնամյակ առաջ, սակայն չնայած համաշխարհային աճը եւ տոկոսադրույքները դեռեւս համեմատաբար բարենպաստ են, չնայած պատերազմին, դեռ ժամանակ կա կոշտ վայրէջքը կանխելու համար»:

Թուրքիայում ինֆլյացիան հասել է 54,4 տոկոսի, ինչը ամենաբարձր մակարդակն է 2002-ից ի վեր, այն բանից հետո, երբ կենտրոնական բանկը նախորդ տարվա վերջի 19 տոկոսից տոկոսադրույքն իջեցրեց մինչեւ 14 տոկոս: 2021 թ․ լիրան դոլարի նկատմամբ նվազել է 44 տոկոսով, ընդ որում այդ կորստի մեծ մասը տեղի է ունեցել սեպտեմբերին փոխարժեքի իջեցումից հետո: Այս տարի լիրան էժանացել է եւս 10 տոկոսով։

Քսան տարի առաջ երկիրը դուրս էր գալիս ցավալի ֆինանսական ճգնաժամից, որը Արժույթի միջազգային հիմնադրամի օգնության ծրագրեր պահանջեց: Կառավարությունը բացառել է Արժույթի միջազգային հիմնադրամի եւս մեկ օգնության հնարավորությունը:

Երեքշաբթի իր ելույթում կենտրոնական բանկի ղեկավար Սահապ Քավջիօղլուն բանկի ապագա ծրագրերի նախագիծը ներկայացնելիս ինֆլյացիայի դեմ պայքարելու համար տոկոսադրույքների բարձրացման հնարավորության կամ «դրամավարկային քաղաքականություն» տերմինի մասին չի հիշատակել: Փոխարենը նա նախընտրել է խոսել բանկի, այսպես կոչված, «լիրայացման ռազմավարության» մասին։

«Մենք ակնկալում ենք, որ դեզինֆլյացիայի գործընթացը կսկսվի գլոբալ խաղաղության վերականգնմամբ եւ ինֆլյացիայի հիմքում ընկած հետեւանքների վերացումով, ինչպես նաեւ քայլերով, որոնք կձեռնարկվեն գների կայունություն եւ ֆինանսական կայունություն ապահովելու համար»,- ասել է Քավջիօղլուն: «Այս համատեքստում մենք չենք փոխել զեղչման տոկոսադրույքը 2022թ․ հունվար-մարտ ամիսներին»։

Ակնկալվում է, որ մարտին սպառողական գների ինֆլյացիան կարագանա մինչեւ 61,5 տոկոս։ Միեւնույն ժամանակ, ինֆլյացիան մինչեւ տարեվերջ կարող է դանդաղել՝ հասնելով 54 տոկոսի, հայտնում է Reuters-ը:

Reuters-ի փոխանցմամբ՝ JPMorgan Chase & Co.-ն մինչեւ այս տարվա վերջին ամիսը ինֆլյացիայի 60 տոկոսից ցածր դանդաղում չի ակնկալում։

«Սա նշանակում է, որ իրական տոկոսադրույքը դեռ երկար կմնա խորը մինուսի մեջ»,- ասվում է ամերիկյան ներդրումային բանկի հետազոտական գրառման մեջ: «Սա ոչ միայն է՛լ ավելի է դժվարացնում ինֆլյացիայի դեմ պայքարը, այլեւ խոցելի է դարձնում լիրան»։