Ազգային անվտանգության խորհրդի (MGK) վերջին ամիսների ամենաերկար նիստը տեղի ունեցավ հոկտեմբերի 20-ին` Թուրքիայի նախագահի նստավայրում, տեղեկացնում է թուրքական Haber7 կայքէջը: Նիստը տեւել է մոտ 8 ժամ: Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդում քննարկվել են հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդիրների լուծմանը օգտակար լինելը, Կովկասում խաղաղության, կայունության, համագործակցության եւ վստահության ստեղծման համար Թուրքիայի ակտիվ աշխատանքների շարունակումը:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությունը 8-ժամյա խորհրդակցությունից հետո հրապարակեց տեղեկատվություն` տեղի ունեցած քննարկումների մասին: Հրապարակված տեղեկատվության մեջ նշվում է, որ Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել հոկտեմբերի 6-ի թուրքական խորհրդարանի ընդունած որոշմանը` շարունակել Հյուսիսային Իրաքից եկող ահաբեկչության դեմ պայքարը: Քննարկվել են հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների լույսի ներքո ապագային ուղղված հեռանկարները` այդ թվում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մեջ ջանքերի գործադրումը: Կրկին նշվել է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած հակամարտության կարգավորման քայլերին: Տեղեկատվության մեջ ասվել է, որ որոշվել է Թուրքիայում, տարածաշրջանում խաղաղության, կայունության, համագործակցության եւ վստահության մթնոլորտ ստեղծելուն նպատակաուղղված աշխատանքները ավելի ակտիվ շարունակել:




























