Սերխիո Մարգարյանը 64 տարեկան է եւ աշխարհի ֆուտբոլային ամենալավ մասնագետներից մեկն է։ Նա Լատինական Ամերիկայում չեմպիոնի տասնյակ տիտղոսներ ունի։ Բացի այդ, Մարգարյանը հաջողության է հասել Լիբերտադորեսի գավաթում, Չեմպիոնների լիգայում եւ ՈւԵՖԱ-ի գավաթում։ Նա հաջողության է հասել ամենուր, որտեղ աշխատել է եւ այսօր էլ համարվում է խաղի ամենալավ տեսաբաններից մեկը։

Մարգարյանն այժմ չի աշխատում։ Երկու ամիս առաջ «Ունիվերսիդադ դե Չիլիի» հետ նա հերթական անգամ չեմպիոնական տիտղոս է նվաճել, այս անգամ արդեն՝ Չիլիում։ Այժմ ուսումնասիրում է առաջարկությունները, որ մշտապես է ստանում։ Նրան հրավիրում են Հարավային Ամերիկայի երկու հավաքականներ, եվրոպական ակումբներ։ Այդուհանդերձ, Մարգարյանը չի շտապում։

Օրերս փորձառու մարզիչը Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում հանդիպել է «Ֆուտբոլ 365» օրաթերթի թղթակցի հետ եւ բազմաթիվ թեմաներով զրուցել։ Հայ մասնագետը, հատկապես, խոսում է այն մասին, որ ինքը շատ բաների է հասել մարզչական կարիերայում, բայց ուզում է աշխատել իսպանական Լա Լիգայում, Ուրուգվայի եւ Հայաստանի հավաքականների հետ։ Ուրախ կլինեմ, եթե հաջողվի կյանքի կոչել իմ ցանկությունները"։

Այս խոսքերը զարմանք չեն առաջացնում։ Մարգարյանը Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչն է։ Ծնվել եւ իբրեւ մարդ ձեւավորվել է այդ հարավամերիկյան երկրում, այսուհանդերձ, գերազանց գիտի հայոց պատմությունը եւ առանձնանում է մեծ հայրենասիրությամբ։

«Ես նայել եմ 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իսպանիա խաղը։ Պետք է ասեմ, որ տեխնիկական առումով մեր հավաքականը վատ տպավորություն չէր թողնում, իսկ սա ուժեղ թիմ ստեղծելու հիմնաքարն է։ Գուցե դա չափազանցություն թվա, բայց ես համոզված եմ, որ մեր տղաները հետագայում կարող են պայքարել Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար։ Ես միշտ հետեւել եմ հայկական ֆուտբոլին եւ կարծում եմ, որ առաջին հերթին մեզ անհրաժեշտ է մարզչական դպրոց։ Պետք է պատրաստել սեփական մասնագետներ, այլապես մեր երկրում ֆուտբոլը հետընթաց կապրի։ Ես կարող եմ օգնել նման դպրոց հիմնադրելու հարցում։ Ես շատ փորձ ու գիտելիքներ ունեմ եւ ափսոս կլինի, եթե այդ բոլորը չօգտագործվի հայկական ֆուտբոլում։ Համապատասխան պայմաններ ստեղծվելու դեպքում ես մեծ հաճույքով կզբաղվեմ դրանով»-ասել է Մարգարյանը։

Մնում է միայն հավելել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ճիշտ կանի, որ Մարգարյանի խոսքերին լուրջ վերաբերվի։ Ազգային ֆուտբոլի թույլ կետերից մեկը մարզչական դպրոցն է։ Անհնար է գերագնահատել նրա նշանակությունը, մասնավորապես՝ մանկապատանեկան ֆուտբոլում, որտեղ մարզչի աշխատանքը պետք է վերածվի արվեստի՝ բառի բուն իմաստով։