Վրաստանի խորհրդարանը այսօր քննարկելու է Սոչիի օլիմպիադան բոյկոտելու ուղիները: Վրացական կողմը 2014 թվականի Սոչիի օլիմպիադան համեմատում է 1980 թվականին Մոսկվայում տեղի ունեցած օլիմպիադայի հետ, որին այն ժամանակ հրաժարվեցին մասնակցել բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը:
Այս խնդրի քննարկումը տեղի է ունենալու Վրաստանի խորհրդրանի մի քանի հանձնաժողովների (արտաքին կապերի, տարածքային ամբողջականության վերականգնման ժամանակավոր հանձնաժողով եւ արտերկրում ապրող համերկրացիների հետ կապերի հանձնաժողով) համատեղ նիստում:
Վրաստանի խորհրդարանում քննարկելու են մասնավորապես, թե ինչ քայլեր ու գործողություններ է անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի արեւմտյան երկրները նույնպիսի բոյկոտի դիմեն, ինչպես հեռավոր 1980 թվականին: Նկատենք, սակայն, որ այն ժամանակ «սառը պատերազմի» տարիներն էին, այնինչ հիմա Ռուսաստանն ու ԱՄՆ-ը խոսում են այլ լեզվով, մասնավորապես՝ իրենց փոխհարաբերությունների «վերաբեռնելու» մասին:
Վրացի խորհրդարանականները նշում են, որ Վրաստանի նպատակը Սոչիի օլիմպիադան ձախողելը չէ, «թեեւ աշխարհը գործ ունի նույն ագրեսոր երկրի հետ, որի հետ գործ ուներ 1980 թվականին»: Ընդգծվում է նաեւ, որ Ռուսաստանը նույնկերպ ներխուժել է Վրաստանի տարածք, ինչպես 1979 թվականին ԽՍՀՄ-ը ներխւժեց Աֆղանստան, որի հետ էլ հենց կապված էր օլիմպիադայի բոյկոտը:




























