Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը կարող է ճանաչել եւս 8 երկիր։ Ինչպես հաղորդում է ռուսական ՌԲԿ գործակալությունը, հենց դա իրականություն դարձնելու նպատակով է, որ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն այցելել է Բոլիվիա։
Պատրուշեւը մասնակցել է «Ամերիկաների համար բոլիվարական այլընտրանք» կազմակերպության գագաթնաժողովին։ Այդ կառուցը 2004 թվականին Ֆիդել Կաստրոյի եւ Ուգո Չավեսի նախաձեռնւոթյամբ կազմել են Կուբան, Վենեսուելան, Բոլիվիան, Էկվադորը, Դոմինիկյան Հանրապետությունը,Հոնդուրասը, Սենթ-Վինսենթն ու Գրենադան, Անտիգուան եւ Բարբադոսը։
Կանխատեսվում է, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պետական անկախությունը վերը նշված երկրներից առաջինը, ամենայն հավանականությամբ, կճանաչի Էկվադորը, իսկ այդ պետության նախագահ Ռաֆայել Կորերան առաջիկայում կայցելի Մոսկվա։
Վերլուծաբանները նշում են, որ հետեւելով Վենեսուելայի օրինակին` «Ամերիկաների համար բոլիվարական այլընտրանք» կազմակերպության երկրները Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու դիմաց Ռուսաստանից նյութական աջակցություն են ակնկալում։




























