«Նկատե՞լ եք, որ կոալիցիայի ու ՀԱԿ-ի միջեւ սկսված երկխոսության բուռն քննարկումների հետեւում բոլորը մի տեսակ մոռացան Տեր-Պետրոսյանի գոյության մասին»,-նկատում է թերթը՝ հավելելով. «Դադարեցին փնտրել արդիականության ամենաէական հարցի պատասխանը. Տեր-Պետրոսյանն իսկապես հայոց աշխարհի պատմության արարի՞չն է, թե՞ մեր երկրի պատմությունն ինքն է նրա հետ անում այն, ինչ անհրաժեշտ է համարում գրի առնել թախիծով լեցուն իր էջերում։
Կարդում ես ՀԱԿ-ի ամպագոռգոռ հայտարարությունները, ծանոթանում մառազմատիկ պահանջներին, սահմռկում վերջնագրերը չընդունելու դեպքում «առճակատման գնալու» սպառնալիքներից. ու այդ ամենը կոնգրեսի բանակցային պատվիրակության անդամների եւ մի քանի ակտիվիստների կատարմամբ։ Գործողությունները սույն, անշուշտ, կարեւոր են մեր՝ հասարակ, շարքային քաղաքացիներիս համար։ Պարզապես այն պատճառով, որ ցույց են տալիս, թե որքան պանծալի ու հիասքանչ կարող է լինել գոնե ինչ-որ նպատակ դրած, կյանքում իր համար գոնե ինչ-որ զբաղմունք գտած մարդը։
Այս ամենը, կրկնում ենք, լավ է, բայց ինչո՞ւ է լռում Տեր-Պետրոսյանը։
Չէ՞ որ եթե այսպես շարունակվի, ապա մենք, լսելով ժողովրդի փրկության մասին ողջ այդ բառային փրերն ու հերթապահ դատարկախոսությունը, հետեւելով, թե ինչպես են ակտիվիստները հոծ բազմությամբ կայտառ քայլում դեռեւս Վլադիմիր Ուլյանովի հարթած փոշոտ ճանապարհով, կարող ենք եւ մոռանալ սկզբնաղբյուրի մասին՝ հանձին ՀԱԿ առաջնորդի։ Աստված մի՛ արասցե, հեղինակային իրավունքը կկորչի, եւ երախտապարտ սերունդները չեն իմանա, թե ում ձեռքերը համբուրեն։
Ինչպես տեսնում ենք, նման հեռանկարը ծայրաստիճան հոռետեսական է։ Սակայն դա չի զրկում մեզ մեր սիրելի բազմաչարչար երկրում հերթական ճակատագրական իրադարձությունների սրտացավ ականատեսները լինելու հաճույքից։
Իսկ մոտակա ճակատագրական իրադարձությունը սպասվում է օգոստոսի 2-ին՝ ՀԱԿ-ի միտինգի օրը, որտեղ էլ բախտ կունենանք վերջապես լսելու Տեր-Պետրոսյանին»։



























