Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսը:

Հանրապետության նախագահը շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, ասել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել հարաբերությունները Բրազիլիայի հետ, եւ դրա համար կան լուրջ հիմքեր ու մեծ ներուժ: Ըստ Սերժ Սարգսյանի, կարելի է թվարկել առնվազն չորս նախադրյալ, որոնք թույլ են տալիս ընդլայնել հայ-բրազիլական փոխգործակցությունը: Մասնավորապես, երկու երկրները չունեն տարաձայնություններ, Բրազիլիան հզոր երկիր է` հզոր տնտեսությամբ, երկու երկրներում արտադրվում են ապրանքներ, որոնք կարող են պահանջարկ ունենալ միմյանց շուկաներում, եւ վերջապես` Հայաստանը եւ Բրազիլիան կապող կարեւորագույն օղակ է բրազիլահայ համայնքը:

Դեսպան Նիկոդեմոսը գոհունակությամբ նշել է, որ Բրազիլիան առաջին Լատինաամերիկյան երկիրն է, որ դեսպանատուն է բացել Հարավային Կովկասում` մասնավորապես` Հայաստանում եւ մտադիր է գործուն քայլեր ձեռնարկել համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Դիվանագետը հատուկ ընդգծել է ոչ մեծաթիվ, սակայն ներկայանալի բրազիլահայ համայնքի ներդրումը երկրի զարգացման գործում:

Կողմերը համակարծիք են եղել, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի եւ Բրազիլայի միջեւ ապրանքաշրջանառությունը տպավորիչ աճ է արձանագրել եւ կարեւորել են հետագա աշխատանքն այդ ուղղությամբ: