Սաուդյան Արաբիան բարձրացրել է նավթի գները բոլոր տարածաշրջանների հաճախորդների համար, հայտնում է Bloomberg-ը: Պետական ​​Saudi Aramco-ն բարձրացրել է իր Arab Light նավթի գինն Ասիա մատակարարումների համար հաջորդ ամիս՝ հասնելով մինչեւ 9.35 դոլար մեկ բարելի դիմաց:

Aramco-ն այդ որոշումը կայացրեց այն բանից հետո, երբ ՕՊԵԿ+-ը որոշեց շարունակել արդյունահանման աստիճանական աճը։ 23 երկրներից բաղկացած խումբը՝ Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի գլխավորությամբ, դիմադրում էր խոշոր ներկրողների, այդ թվում՝ ԱՄՆ-ի՝ արտադրության աճը եւ վառելիքի համաշխարհային գների իջեցումը խթանելու կոչերին:

«Սա զգալի աճ է,- ասել է UBS Group AG-ի ապրանքային վերլուծաբան Ջովաննի Ստաունովոն:- Սաուդյան Արաբիայից հավելյալ ծավալները թանկ գին կունենան»։

Սաուդյան Արաբիայում գների աճը, որը, ամենայն հավանականությամբ, երանգ կհաղորդի մերձարեւելյան այլ արտադրողների համար, ինչպիսիք են Իրաքը եւ Քուվեյթը, տեղի է ունենում՝ չնայած վիրուսի կապակցությամբ լոքդաունների ալիքին Չինաստանում, որը նավթի ամենամեծ ներկրողն է աշխարհում:

Aramco-ն մյուս ասիական ապրանքանիշերի գները բարձրացրել է բարելի դիմաց առնվազն 2.70 դոլարով, մինչդեռ ԱՄՆ-ի բոլոր գները բարձրացրել են 2.20 դոլարով: ԱՄՆ-ի արաբական թեթեւ նավթը կբարձրանա մինչեւ ռեկորդային 5.65 դոլար բարելի դիմաց:

Սաուդյան Արաբիայի նավթի մատակարարումների ավելի քան 60 տոկոսն ուղղվում է Ասիա, ընդ որում, ամենամեծ գնորդներն են Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան եւ Հնդկաստանը: Թագավորությունը հում նավթի աշխարհի խոշորագույն արտահանողն է եւ անցյալ ամիս օրական 10.3 միլիոն բարել է արդյունահանել: