Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խորհրդարանը ցրելու Թունիսի առաջնորդի որոշումը  որպես «ժողովրդավարությունն արատավորող» եւ Թունիսի ժողովրդի կամքին ուղղված հարված է որակել, հայտնում է Reuters-ը։

Թունիսում քաղաքական ճգնաժամը սրվել էր անցյալ շաբաթ, երբ խորհրդարանի անդամների կեսից ավելին առցանց նիստ անցկացրեց՝ նախագահ Կաիս Սայիդի հրամանագրերը չեղարկելու համար: Սաիդը հուլիսին կասեցրել էր խորհրդարանի աշխատանքը, ինչը նրա հակառակորդները հեղաշրջում են անվանում:

Անցյալ շաբաթ Սաիդը հայտարարել էր, որ արտահերթ ընտրություններ չի անցկացնի, ինչը վերջին քայլը դարձավ դեպի միանձնյա իշխանություն։

Էրդողանը հույս է հայտնել, որ Թունիսում տեղի ունեցող իրադարձությունները չեն վնասի ժողովրդավարական լեգիտիմության ապահովման երկրի ջանքերին կամ չեն խաթարի ընտրությունների ժամանակացույցը։ Նրա խոսքով՝ անցումը պետք է իրականացվի շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ խորհրդարանի մասնակցությամբ եւ «համապարփակ ու բովանդակալից» երկխոսությամբ։

«Ժողովրդավարությունը համակարգ է, որն ընտրվածներիեւ նշանակվածների միջեւ հարգանքի մարմնավորումն է: Մենք Թունիսի իրադարձությունները որպես ժողովրդավարության արատավորում ենք դիտարկում»,- ասել է նա։ «Խորհրդարանի լուծարումը, որում ընտրված պաշտոնյաներ կան, ստիպում է մեզ մտածել Թունիսի ապագայի մասին եւ հարված է ժողովրդի կամքին»,- հավելել է նա։

Էրդողանը հորդորել է Սաիդին թույլ տալ խորհրդարանին շարունակել աշխատանքն օգոստոսին։

Վերջին տարիներին Թուրքիան ձգտում էր մեծացնել իր ազդեցությունն Աֆրիկայում՝ ռազմական տեխնիկա, ուսուցում եւ անձնակազմ տրամադրելով մի քանի երկրների, ինչպես նաեւ նախագծեր ստորագրելով մայրցամաքում: