Թուրքիան եւ ԱՄՆ-ը հայտարարել են, որ ավարտել են բազմամսյա բանակցությունները լարված հարաբերությունների բարելավման ընթացակարգի հաստատման վերաբերյալ՝ դիտարկելով համագործակցության հնարավորությունը տնտեսության եւ պաշտպանության ոլորտներում։ Կողմերի համատեղ հայտարարությունում ասվում է, որ սպասվում են նախարարական քննարկումներ, տեղեկացրել է Reuters-ը։

Այս հայտարարությունն արվել է Անկարայում, Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալի եւ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի հանդիպման շրջանակում:

Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահներ Թայիփ Էրդողանը եւ Ջո Բայդենը հոկտեմբերին պայմանավորվել էին բանակցություններ սկսել «Ռազմավարական մեխանիզմի» մասին։

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հանդիպել է թուրք պաշտոնյաների հետ՝ «քննարկելու համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաները», ինչպիսիք են տնտեսական եւ պաշտպանական ոլորտներում համագործակցությունը, պայքարն ահաբեկչության դեմ, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ իրադարձությունները, նշվել է համատեղ հայտարարությունում։

«Միացյալ Նահանգները եւ Թուրքիան անհամբերությամբ սպասում են նախարարների մակարդակով հանդիպմանը «Ռազմավարական մեխանիզմի» շրջանակում, 2022թ., մի փոքր ավելի ուշ»:

Մինչ այդ, երեքշաբթի, ԱՄՆ-ի առեւտրի փոխնախարար Մարիսա Լագոն կայցելի Անկարա՝ «տնտեսական եւ առեւտրային համագործակցության նպատակները «Ռազմավարական մեխանիզմի» շրջանակում քննարկելու համար»։

«ԱՄՆ-ն ողջունել է Ուկրաինայում բանակցությունների ճանապարհով պատերազմի դադարեցմանն ուղղված արդար եւ դիվանագիտական լուծմանը նպաստելու Թուրքիայի ջանքերը»,- նշվել է համատեղ հայտարարությունում։

Անկարայում բանակցությունների շրջանակում Նուլանդը նաեւ հանդիպել է Էրդողանի արտաքին քաղաքականության գծով ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հետ։