Վրաստանի մշակույթի նախարար եւ փոխվարչապետ Թեա Ծուլուկիանին կոչ է արել Ուկրաինայի ղեկավարությանը «չենթարկվել» կրիմինալների պատմություններին. այդպես են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում կոչում իրենց ընդդիմադիրներին «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք Վրաստանի կառավարությունում ՄԱՇ-ի որոշ ներկայացուցիչներ այժմ աշխատում են Ուկրաինայի կառավարությունում։ «Վրացական երազանք»-ը կարծում է, որ հենց այդ մարդիկ են նպաստում լարվածության ստեղծմանը Կիեւի եի Թբիլիսիի հարաբերություններում:
«Մենք մեղավոր չենք, որ նույնիսկ իմ՝ արդարադատության նախարարի պաշտոնում լինելու ընթացքում Ուկրաինան Վրաստանից փախած հանցագործների արգելոցի վերածվեց։ Ուստի ես կցանկանայի, որպեսզի Ուկրաինայի կառավարությունը չտրվի կրիմինալների պատմություններին»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ծուլուկիանին։
Նախարարը պատասխանել է Ուկրաինայի այն մեղադրանքներին, թե Վրաստանի կառավարությունը հովանավորում է դեպի Ռուսաստան մաքսանենգ ճանապարհը՝ միջազգային պատժամիջոցներից խուսափելու համար:
Նախօրեին Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատժամիջոցները շրջանցելու նպատակով մաքսանենգության ուղիներ է ստեղծում, որոնք անցնում են նաեւ Վրաստանի տարածքով։ Ընդ որում, ըստ Կիեւի, իշխանությունները չեն միջամտի մաքսանենգների գործունեությանը։
Ծուլուկիանին դիմել է ուկրաինացի իր գործընկերոջը՝ փոխվարչապետ Իրինա Վերեշչուկին՝ ընդգծելով, որ Վրաստանի սահմանները խստորեն վերահսկվում են։ «Այդ սահմանները վերահսկվում են հենց նրա համար, որպեսզի պատժամիջոցների տակ գտնվող ցանկացած թույլատրված ապրանք, լինի դա ռազմական, թե երկակի նշանակության, չշրջանցի մաքսային խիստ մոնիտորինգը մեր սահմաններին: Սա է իրականությունը։ Մնացած ամեն ինչ կեղտոտ սուտ է»,- ընդգծել է Ծուլուկիանին։
Ավելի վաղ Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը կոչ էր արել Ուկրաինային ապացույցներ ներկայացնել դեպի Ռուսաստան մաքսանենգության մեղադրանքների վերաբերյալ։ Գերատեսչությունում նշել էին, որ, Վրաստանի օրենսդրության համաձայն, այդ արարքն առանձնապես ծանր քրեական հանցագործություն է։
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունում ուկրաինացի գործընկերներին հիշեցրել են նաեւ, որ նման տեղեկատվության փոխանակումը նախատեսված է մի շարք միջպետական պայմանագրերով։
Վրաստանի ֆինանսների նախարարությունը եւս մեղադրանքը «լիովին անհիմն ու անհեթեթ» է անվանել։ Ինչպես նշել են գերատեսչությունում, միջազգային հանրության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման առաջին իսկ օրերից Վրաստանն ամենախիստ վերահսկողություն է իրականացրել երկրի բոլոր մաքսակետերում եւ ստուգում է ապրանքների ներմուծումն ու արտահանումը։




























