Փոթի քաղաքի մոտակա երկաթուղու վրա հոկտեմբերի 21-ի առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով գծերից դուրս եկած մազութով բեռնված վագոններն ընթանում էին Ադրբեջանի Պետական նավթային ընկերությանը (SOCAR) պատկանող (2007 թվականի հունվարից) Կուլեւսկի նավթային տերմինալ,- հաղորդում է Գրուզիա Online-ը։

Պայթյունի արդյունքում, ինչպես հայտնել է «Վրացական երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Իրակլի Էզուգբայան, վնասվել է Սենակի-Փոթի երկաթուղու 150 մետրանոց հատվածը։

Ըստ նրա, վնասվել են ոչ միայն ռելսերը, այլեւ էլեկտրահաղորդման գծերը։ Ըստ նախնական տեղեկության, ինչպես հաղորդում է «GHN»-ը, պայթյունի պատճառը պայթուցիկ մի սարք է եղել՝ բաղկացած տրոտիլից, հեքսոգենից ու պլատինից։

Հիշեցնենք, որ Թբիլիսի-Սենակի երկաթուղու վրա տեղի ունեցած պայթյունը որոտացել է մոտավորապես գիշերվա ժամը 1-ին, շարժակազմի ընթացքի ժամանակ։ Արդյունքում ռելսերից դուրս են եկել մազութով բեռնված 12 վագոններ (յուրաքանչյուր վագոնում եղել է 60 տ մազութ)։ Պայթյունն այնքան հուժկու է եղել, որ տապալվել են էլեկտրահաղորդման գծերը, կոտրվել են մոտակա բոլոր տների ապակիները, մարդկային զոհեր չկան։ Վերականգնողական աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչեւ օրվա վերջ երկաթուղու երթեւեկությունը կվերականգնվի։