Նոր հարցեր են ծագել արքայազն Էնդրյուի կողմից թուրք գործարարին պարգեւատրելու առնչությամբ։

Թուրք գործարար Սելման Թյուրքը մրցանակը ստացել է 2019 թ․ նոյեմբերին Յորքի դուքս Էնդրյուի կողմից Pitch@Palace միջոցառման ժամանակ, որի ընթացքում 40 ձեռներեցներ հանդես են եկել պրեզենտացիաներով՝ պոտենցիալ ներդրողներով լի դահլիճում։

Թյուրքն արժանացել է Ժողովրդի ընտրություն մրցանակին իր Heyman AI բիզնեսի համար, որը միլենիալների վրա կենտրոնացած թվային բանկ է, որը հետագայում սնանկացել է: Նրա հաղթանակը որոշվել է համացանցում հանրային քվեարկությամբ եւ այդ երեկո հեռուստադիտողների քվեարկությամբ:

Միջոցառման հաջորդ օրը Ամանդա Թիրսքը, որն այն ժամանակ թագավորական պալատի բարձրաստիճան անդամ էր, մտահոգություն է հայտնել, որ ձեռնարկատերերը կարող են խաբել համակարգը ։

Թերթի տրամադրության տակ հայտնված Թիրսքի հետ նամակագրության մեջ նրան հայտնել են, որ Heyman AI-ի հաղթանակը «ճիշտ չէր կամ իմաստ չունի»։

Միջոցառման մի շարք մասնակիցներ Guardian-ին ասել են, որ իրենք անսովոր են համարում Թյուրքի հաղթանակը Pitch@Palace-ում, քանի որ նա «հաղթել է մեծ տարբերությամբ», իսկ նրա ելույթը «սարսափելի» էր։

Դատական փաստաթղթերում ասվում է, որ Թյուրքը թուրք միլիոնատեր, 77-ամյա Նեբահաթ Իսբիլենին հրահանգել է վճարել Էնդրյուին 750 000 ֆունտ սթեռլինգ Pitch@Palace միջոցառումից ինը օր անց, իսկ դուքսը, ինչպես ենթադրվում է, մինչեւ 350 000 ֆունտ է ստացել Թյուրքի հետ կապված ընկերությունից:

Վճարման մանրամասները, որոնք  դուքսը հրաժարվել է մեկնաբանել, առաջին անգամ հայտնվել են անցյալ շաբաթ գերագույն դատարանում ընդդեմ Թյուրքի Իսբիլենի գործում, ըստ որի՝ նա 40 միլիոն ֆունտի չափով խաբեություն է կատարել։

Գործի հայտնվելուց ի վեր  հաղորդվել է, որ գործարարն առաջին անգամ հանդիպել է արքայազն Էնդրյուին 2019թ․ մայիս-հունիս  ամիսներին Վինձոր ամրոցում՝ Pitch@Palace միջոցառումից մոտ կես տարի առաջ:

Միջոցառմանը ծանոթ աղբյուրն ասել է, որ նրանք կարծում էին, որ Թյուրքը ստացել է մինչեւ 10 000 ձայն, մինչդեռ որոշ այլ մասնակիցներ հավաքել են հարյուրավոր ձայներ:

Հաղորդվում է, որ Թյուրքը հանդիպել է արքայազն Էնդրյուին Լոնդոնում Pitch@Palace միջոցառումից հետո առնվազն երկու անգամ, այդ թվում՝ 2019թ․ դեկտեմբերի 5-ին Հարավային Քենսինգթոնում գտնվող Թյուրքի բնակարանում պոտենցիալ ներդրողների հետ ընթրիքի ժամանակ եւ 2020թ․ փետրվարին՝ թագավորական նստավայրում։