Սլովակիայի վերաքննիչ դատարանը երեքշաբթի օրը չեղյալ է համարել առաջին ատյանի դատարանի որոշումը, որը ուլտրաաջ կուսակցության առաջնորդ Մարիան Կոտլեբային դատապարտել է նեոնացիստական խորհրդանիշներ օգտագործելու համար, հաղորդում է AP-ն։

Սակայն երկրի գերագույն դատարանը, այնուամենայնիվ, Կոտլեբային մեղավոր է ճանաչել նեոնացիզմին համակրելու մեջ եւ դատապարտել է 6 ամսվա պայմանական ազատազրկման։

«Մեր Սլովակիա» ուլտրաաջ ժողովրդական կուսակցության ղեկավարը դատարանի առաջ է կանգնել այն բանից հետո, երբ 2017թ․ մարտի 14-ին՝ 1939թ․ պատերազմական ժամանակաշրջանում Սլովակիայի պետության ստեղծման տարեդարձին, երեք ընտանիքների 1488 եվրոյի կտրոններ է տվել։

1488 թիվը խորհրդանշական է նեոնացիստների եւ «սպիտակ առավելության» հետեւորդների համար:

Կոտլեբան վերաքննիչ բողոք է ներկայացրել 2020թ․ հոկտեմբերի Պեզինոկ քաղաքի մասնագիտացված քրեական դատարանի որոշման դեմ, որը նրան 4 տարի 4 ամսվա ազատազրկման է դատապարտել։

Գերագույն դատարանի երեքշաբթի օրն ընդունված որոշումը վերջնական է։

«Մեր Սլովակիան» կուսակցությունը, որի անդամները օգտագործում են նացիստական ողջույնները եւ ցանկանում են, որ Սլովակիան դուրս գա Եվրամիությունից ու ՆԱՏՕ-ից, 2020թ․ խորհրդարանական ընտրություններում երկրում չորրորդ ամենահայտնի կուսակցությունն է եղել՝ ստանալով 8 տոկոս աջակցություն:

Կոտլեբան եւ նրա կուսակցության անդամները բացահայտորեն պաշտպանում են նացիստական խամաճիկային պետության ժառանգությունը, ինչպիսին Սլովակիան էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Այս որոշման հետեւանքով Կոտլեբան կկորցնի իր տեղը խորհրդարանում։ Նրա կուսակցության մեկ այլ անդամ՝ Միլան Մազուրեկը, առաջին սլովակ պատգամավորն էր, որը կորցրեց իր մանդատը 2019թ․ այն բանից հետո, երբ դատապարտվեց գնչուների համայնքի դեմ անօրինական ռասիստական մեկնաբանություններ օգտագործելու համար:

2019թ․ գերագույն դատարանը մերժել էր Կոտլեբայի կուսակցությունն արգելելու մասին երկրի գլխավոր դատախազի դիմումը։ Իր խնդրանքում Յարոմիր Չիզնարը նշել էր, որ «Մեր Սլովակիան» կուսակցությունը ծայրահեղական խմբավորում է, որի գործունեությունը խախտում է երկրի սահմանադրությունը եւ ուղղված է երկրի ժողովրդավարական համակարգի ոչնչացմանը։

Այն ժամանակ դատարանը վճռել էր, որ գլխավոր դատախազը բավարար ապացույցներ չի ներկայացրել արգելքի համար: