Բայդենը կհայտարարի ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի համագործակցության մասին՝ գերձայնային զենք ստեղծելու համար. Financial Times
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ավստրալիան կհամագործակցեն գերձայնային զենքի ոլորտում՝ ընդլայնելով անվտանգության եռակողմ պայմանագիրը, որը նախատեսված է օգնելու Վաշինգտոնին եւ նրա դաշնակիցներին արձագանքել Չինաստանի ռազմածովային արագ ընդլայնմանը, գրում է Financial Times-ը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնին եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ներկայացնել, այսպես կոչված, «Աուկուս» անվտանգության պայմանագրի ընդլայնումը, ըստ իրավիճակին ծանոթ երեք անձանց։ Նրանցից մեկն ասել է, որ հայտարարությունը կարող է արվել արդեն երեքշաբթի՝ Վաշինգտոնում:
Գերձայնային զենքի շուրջ համագործակցելու մտադրությունը երեք երկրների միջեւ համագործակցությունն ընդլայնելու վերջին փորձն է՝ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի վերելքին հակազդելու համար: Անցյալ ամիս պետությունները ստորագրել են պայմանագիր, ըստ որի ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան կօգնեն Ավստրալիային իր տրամադրության տակ միջուկային սուզանավեր ունենալ։
Համաձայնագրի ստորագրումը պայմանավորված է նրանով, որ Պենտագոնը ակտիվացրել է գերձայնային զենքեր ստեղծելու ջանքերը այն բանից հետո, երբ ընդունել է, որ Չինաստանն առաջ է գնացել այս տեխնոլոգիաների զարգացման գործում: Չինաստանը գերձայնային հրթիռների մի քանի հարյուր փորձարկում է անցկացրել, դրանց արագությունը ավելի քան 5 անգամ գերազանցում է լույսի արագությանը։ Սա շատ ավելին է, քան ԱՄՆ նավատորմինը, որն անցկացրել է մեկ տասնյակից պակաս փորձարկում:
Գերձայնային հրթիռները խնդիր են ստեղծում ԱՄՆ-ի համար, քանի որ դրանք թռիչքի ժամանակ մանեւրում են շատ մեծ արագությամբ, ի տարբերություն բալիստիկ հրթիռների, որոնք հետեւում են կանխորոշված հետագծին, ինչը հեշտացնում է դրանց խոցումը:
Համակարգը, որը Չինաստանն ուսումնասիրել է անցյալ ամիս, թույլ է տալիս գերձայնային զենքեր տեղակայել հարավային բեւեռում, ինչը եւս մեկ թերություն է ներկայացնում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համար, որը պետք է նախագծված լինի հյուսիսային բեւեռից բխող հրթիռային սպառնալիքների դեմ պայքարելու համար:





























