Ուկրաինան ավելի վաղ խոստացել էր, որ անվտանգության երաշխիքները չեն տարածվի Ղրիմի վրա, սակայն համաձայնագրի նոր տարբերակում այդ կետը բացակայում է, փոխարենը՝  ձեւակերպումն անորոշ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Հիշեցնեմ, որ Ստամբուլի այդ փաստաթղթում ուկրաինացիները հստակ ձեւակերպել էին, որ Ուկրաինայի անվտանգության ապագա երաշխիքները չեն տարածվում Ղրիմի եւ Սեւաստոպոլի վրա։ Երեկվա նախագծում այս հստակ ձեւակերպումը բացակայում է»,- ասել է նախարարը։

Լավրովի խոսքով՝ դրա փոխարեն առաջարկվում են «փետրվարի 23-ի դրությամբ ինչ-որ արդյունավետ վերահսկողության մասին անորոշ ձեւակերպումներ»։ «Երեկ ուկրաինական կողմը բանակցային խմբին է ներկայացրել իր համաձայնագրի նախագիծը, որը շեղում է մարտի 29-ին Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ արձանագրված ամենակարեւոր դրույթներից»,- հավելել է Լավրովը։

«Անշուշտ, հաջորդ փուլում ուկրաինական կողմը կխնդրի զորքերը դուրս բերել։ Այս միտքը հասկանալի է, բայց անընդունելի»,- ընդգծել է նա։

Լավրովը նշել է, որ չնայած բոլոր սադրանքներին՝ ռուսական պատվիրակությունը կշարունակի բանակցային գործընթացը՝ առաջ տանելով ռուսական համաձայնագրի նախագիծը, որը հստակ եւ ամբողջությամբ շարադրում է  բոլոր սկզբնական, առանցքային դիրքորոշումներն ու պահանջները։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Զելենսկուն դրդում է շարունակել ռազմական գործողությունները։