Հաշվի առնելով, որ թուրքալեզու ժողովուրդների մեջ երբեք էլ չի եղել քաղաքական միասնություն, Եվրամիության օրինակով այդ երկրների համագործակցություն ստեղծելու մտադրությունը դեռեւս մնում է անիրական: Նման տեսակետ է հայտնել Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը` ղազախական «Լիթեր» թերթին տված հարցազրույցում:

«Այսօր թուրքալեզու հանրապետությունները մեծամասնությամբ անկախ պետություններ են, որոնք զարգացնում են իրենց հարաբերությունները տարբեր ոլորտներում` տնտեսություն, մշակույթ, կրթություն, քաղաքականություն: Բայց քաղաքական միասնություն նրանց միջեւ երբեւէ չի եղել, եւ դժվար թե դա հնարավոր է ներկա պատմական փուլուն: Իրերին պետք է սթափ նայել»,- ասել է 1993-2000 թթ Թուրքիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած Դեմիրելը: Նրա կարծիքով, Թուրքիային եւ Ղազախստանին, ինչպես նաեւ մյուս թուրքալեզու երկրներին անհրաժեշտ է ավելի սերտ համախմբվել եւ հավանություն տալ այն գործընթացներին, որոնք նպաստում են այդ երկրների ինտեգրմանը:

«Թյուրքական երկրներից ոչ մեկը մյուսից բարձր չէ եւ ոչ ոք մյուսի համար ավագ եղբայր չէ: մեզ պետք է միավորի բարեկամությունը, որն արտահայտվում է բարիդրացիական հարաբերություններ կառուցելու ձգտմամբ»,- նշել է նա ու հավելել, որ Թուրքիան կողմ է թուրքալեզու երկրների ինտեգրմանը, ինչը հնարավորություն կտա մասնավոր սեկտորին էլ ավելի արդյունավետ համագործակցել բիզնեսի ու առեւտրի ոլորտներում:

«Վերջերս Նախիջեւանում Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի ու Ղրղզստանի նախագահներն իրենց ստորագրությունները դրեցին այդ երկրների միջեւ միջպետական կապերի ամրապնդման վերաբերյալ որոշման տակ: Եթե խոսենք առանձին Ղազախստանի մասին, ապա իհարկե, այդ երկիրը մեզ համար ամենակարեւոր գործընկերներից մեկն է»,- ասել է Դեմիրելն ու ընդգծել, որ երկու երկրների հարաբերությունները պետք է ավելի բարձր մակարդակի բերել: