Ռուսաստանը հույս ունի, որ հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում կարող է ավարտվել տեսանելի ապագայում, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով սեփական խոսքերը, որոնք ասել էր ավելի վաղ բրիտանական Sky News հեռուստաալիքի հարցազրույցում։

Ըստ նրա՝ ՌԴ-ն հույս ունի, որ «առաջիկա օրերին, տեսանելի ապագայում, գործողությունը կհասնի իր նպատակներին կամ կավարտվի ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունների միջեւ բանակցություններով», տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Ի պատասխան ճշգրտող հարցի՝ «Արդյո՞ք խոսքը կարող է օրերի մասին լինել», Պեսկովն ասել է. «Խոսքը տեսանելի ապագայի մասին է»։

Պեսկովը լրագրողներին ասել է, որ հենվել է ՌԴ պաշտպանության նախարարության հրապարակած վերջին տվյալների վրա՝ խոսելով Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում զգալի կորուստների մասին։

Պեսկովը բրիտանական Sky News հեռուստաալիքի եթերում  մեծ ողբերգություն էր անվանել ռուս զինվորների զգալի կորուստներն Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում։

«Իհարկե,  այդ թվի վրա էլ հենվել էի։ Մենք ձեզ հետ միասին ունենք միայն այն թվերը, որոնք հրապարակում է պաշտպանության նախարարությունը։ Դա հո զգալի թիվ է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե կորուստների մասին ինչ տվյալների վրա է նա հենվել, եթե պաշտպանության նախարարության վերջին թվերը  եղել են մարտի վերջին։

Պաշտպանության նախարարությունը մարտի 25-ին տեղեկացրել էր ռուսական բանակի կորուստների մասին Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում։ 1 351 ռուսաստանցի զինվոր է զոհվել, ավելի քան 3,8 հազարը՝ վիրավորվել։