Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերջին 2-3 ամիսներին քաղաքացիներից ստացած 3 ահազանգերի հետեւանքով, այսինքն` ոչ պլանային ստուգումների արդյունքում` 300 հազար դրամ արժողությամբ տուգանքներ է նշանակել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Բաբկեն Պիպոյանը: Իսկ պլանային ստուգումների արդյունքում 700-900 հազար դրամի չափով տուգանքներ են նշանակվել:
Բաբկեն Պիպոյանը նշեց, որ ծառայությունը շատ ահազանգեր ստանում է` կապված Գումի մսի շուկայի պասաժների հետ, որտեղ ավելի վաղ ստուգումներ էին իրականացվել եւ կասեցրել էին որոշ կրպակների գործունեությունը: Ի դեպ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը նշել էր, որ երկու ամիս առաջ կատարված շրջայցից հետո բավական մեծ փոփոխություններ են կատարվել Գումի շուկայում, սակայն դեռ կատարյալին չեն հասել: Ծառայության ստացած ահազանգերից 3-ը, Բաբկեն Պիպոյանի խոսքով, չէին համապառասխանում իրականությանը: Քաղաքացիներից ստացած եւս երեք ահազանգի համար նրանք դիմել էին վարչապետին` թույլտվություն ստանալու ստուգումներ իրականացնելու համար եւ արդեն ստացել են այդ թույլտվությունը: Ապագայում ծառայությունը ստուգումներ կիրականացնի այդ երեք ընկերություններում:
Նշենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, մինչեւ 70մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունում ստուգումներ կարող են իրականացնել միմիայն նրա թույլտվությամբ:



























