Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության կողմից այսօր` մայիսի 31-ին ԳՈՒՄ-ի շուկայի հարեւանությամբ գտնվող մսի շուկայում ստուգումներ կատարելուց եւ փակելուց հետո, որոշ կրպակատերեր կրկին բացել են իրենց կրպակները եւ միս վաճառել:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:
«Մեր հեռանալուց հետո երեկոյան ժամին մի քանի անհատ ձեռներեցներ ապօրինի բացել են փակված կրպակները եւ այդ կրպակներից վաճառել են շատ վատ որակի, հասարակության առողջության համար վտանգավոր միս: Հիմա մենք ակտիվորեն աշխատանքներ ենք տանում, որպեսզի բացված կրպակները նորից փակվեն: Մենք օրենքի խստագույն կիրառմամբ, մեր հետեւողական ստուգումները շարունակելու ենք»,- ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունն այսօր` մայիսի 31-ին ստուգման է ենթարկել ԳՈՒՄ-ի շուկայի հարեւանությամբ գտնվող մսի շուկան: Արդյունքում` փողոցի երկայնքով շարված մոտ 2 տասնյակ կրպակներ փակվել են: Մի պահ կրքերն այնպես են բորբոքվել, որ ծառայության աշխատակիցների անվտանգության համար օգնության են եկել մոտ մեկ տասնյակ ոստիկաններ:
Մսավաճառների խոսքով` այցն իրենց համար անակնկալ է եղել, թե երբ կրկին կբացվեն կրպակները` իրենց հայտնի չէ: Որոշ մսավաճառներ պնդում էին, որ իրենց կրպակում որեւէ սանիտարական խախտում չկա, սակայն պետական ծառայությունը փակել է տվել կրպակը պատճառաբանությամբ, որ մաքուր չէ մայթն ու փողոցի հարակից մասը: «Դիմացի մայթից լվանում են ու կեղտաջրերը հավաքվում են մեր կողմում»,- արդարացան մսավաճառները:
Ստուգայցի մասնակից տեսուչներից մեկը NEWS.am-ին ասաց, որ ստուգայցի ընթացքում հայտնաբերվել են լուրջ խախտումներ, այդ պատճառով որոշում է ընդունվել ժամանակավորապես կասեցնել մսի վաճառքը:
Բաբկեն Պիպոյանի խոսքով, վաճառակետերի գործունեությունը կասեցվել է ժամանակավորապես` տարբեր հիմքերով: Որոշ կրպակներ չեն ունեցել համապատասխան թույլտվություններ, իսկ որոշներում, ըստ Պիպոյանի` խայտառակ սանիտարական պայմաններ էին: Գործնականում` ոչ մի մսավաճառ (նրանք հիմնականում անհատ ձեռնարկատերեր են) չի ունեցել ամբողջական փաստաթղթեր: Հիմնականում` բացակայել է այսպես կոչված 2-րդ ձեւը, որը տրամադրվում է շուկան սպասարկող անասնաբույժի կողմից:
Բ. Պիպոյանը տեղեկացրեց նաեւ, որ բոլոր կետերից վերցվել են նմուշներ ու ուղարկվել համապատասխան փորձաքննության: Իսկ թե երբ կվերաբացվեն մսի կրպակները` պաշտոնյան դժվարացավ ասել:




























