Թունիսում բողոքի ցույց է տեղի ունեցել երկրի նախագահ Քայս Սայեդի դեմ: Ցույցի մասնակիցները նրան մեղադրել են միանձնյա կառավարում հաստատելու համար այն բանից հետո, երբ նա անցյալ ամիս ցրել է խորհրդարանը, հաղորդում է Reuters-ը:
Երկրում քաղաքական ճգնաժամն ուժեղացել է անցյալ ամիս, երբ խորհրդարանի անդամների կեսից ավելին առցանց նիստ են անցկացրել՝ Սայեդի հրամանագրերը չեղարկելու համար:
«Մենք բախվել ենք ձախողված բռնապետության հետ, որը երկիրը տանում է տնտեսական աղետի: Մենք շարունակելու ենք բողոքել»,- հայտարարել է ակտիվիստ Հայմա Իսան:
Խորհրդարանի անդամներից շատերը եւս մասնակցել են կիրակի տեղի ունեցած ակցիային, որն անցկացվել է մեծ թվով ոստիկանների ներկայությամբ:
Գործադիր իշխանությունն իր վերահսկողության տակ Սայեդն առել էր անցյալ տարվա կեսերին: Նա հերքել էր ընդդիմադիրների՝ իր դեմ ուղղված մեղադրանքները եւ հայտարարել էր, որ բանակցություններ կվարի քաղաքական բարեփոխումների հարցով, սակայն «դավաճաններն ու գողերը» չեն մասնակցի դրանց:
Սայեդն ավելի վաղ հայտարարել էր, որ հանձնաժողով կկազմավորի սահմանադրության վերանայման համար, ապա հուլիսին այն հանրաքվեի կներկայացնի, որից հետո խորհրդարանական ընտրություններ կանցկացնի դեկտեմբերին:





























