Հաշվի առնելով, որ ԱՄՆ արտաքին հատկացումների ծավալները նվազել են, սակայն Հայաստանին տրամադրվող գումարը մնացել է անցած տարի հատկացված գումարի չափով եւ չի նվազել, այդ համատեքստում, հատկացումը կարելի է գնատել դրական:

Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, հավելելով, որ ռազմական օժանդակության հավասարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պահպանվում է:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ առանց այդ էլ ադրբեջանական կողմը սպառազինության վրա մեծ գումարներ է ծախսում, եւ բացի այդ նաեւ ֆինանսավորում ստանում ԱՄՆ-ից, ապա Մանոյանի կարծիքով, տրամադրվող գումարն այդքան մեծ չէ, որ Ադրբեջանը կարողանա ամբողջությամբ լուծել իր սպառազինության խնդիրները:

«Այլ հարց է, որ Ադրբեջանն իրականում այդ գումարի կարիքը չունի, եւ իրականում նրան պետք է զրկել գումարային այդ աջակցությունից»,- կարծիք հայտնեց Մանոյանը:

Նա նաեւ բացասական գնահատեց այն հանգամանքը, որ Կոնգրեսը ենթահանձնաժողովում հաստատված արտաքին հատկացումների փաթեթում չի նախատեսվում ուղղակիորեն օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին, թեեւ նախորդ տարիներին գումար հատկացվել է: «ԱՄՆ օրենսդիր մարմնի` Լեռնային Ղարաբաղին գումար չհատկացնելու մասին որոշումը ճիշտ մոտեցում  չէ, այն, նախեւառաջ, հակասում է ղարաբաղյան հարցում Բարաք Օբամայի  դիրքորոշմանը»,- ասաց Մանոյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան արտաքին հատկացումների հարցերով ենթահանձնաժողովը հուլիսի 27-ին որոշել է 2012 թվականի համար Հայաստանին տրամադրել 40 միլիոն դոլարի օգնություն:

Դա նույն գումարն է, ինչ հատկացվել է 2011 թվականին: Կոնգրեսը ենթահանձնաժողովում հաստատված արտաքին հատկացումների փաթեթում չի նախատեսվում ուղղակիորեն օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին: Նախկինում յուրաքանչյուր տարի Ղարաբաղին 10 միլիոն դոլարի ուղղակի օգնություն էր տրամադրվում:

Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը, վկայակոչելով Կոնգրեսում իր աղբյուրները հաղորդում է, թե ենթահանձնաժողովը պահպանել է Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական ոլորտում տրամադրվող օգնության հավասարակշռությունը, սակայն գումարները չեն կոնկրետացվել: