Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Կաչինսկիու զինակիցները քննադատել են Սմոլենսկի մոտ տեղի ունեցած  նախագահական Տու- 154 օդանավի աղետի պատճառների վերաբերյալ հուլիսի 29-ին հրապարակված կառավարական զեկույցը:

Ինչպես հաղորդում է ВВС-ին, «Իրավունք եւ արդարություն» կուսակցության պատգամավոր Անտոնի Մաչերեվիչը, ով ղեկավարում է աղետի պատճառների  անկախ հետաքննությունն իրականացնող խորհրդարանականների եւ փորձագետների խումբը,  պետական հանձնաժողովի զեկույցի եզրահանգումները կեղծ է համարել: Իր հերթին զոհված նախագահի եղբայր Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է. «Վարչապետ Տուսկի քաջությունը չբավարարեց` ընդունելու  իր անձնական պատասխանատվությունը, նա փորձում է այն գցել իր զինակիցների վրա»:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին հրապարակվել է Սմոլենսկի մոտ տեղի ունեցած  նախագահական Տու- 154 օդանավի աղետի պատճառների վերաբերյալ կառավարական զեկույցը: Համաձայն փաստաթղթի` աղետի համար պատասխանատու են լեհ օդաչուները, վատ եղանակը, ինչպես նաեւ ռուսաստանցի դիսպետչերների ուշացած հրահանգները:

Հիշեցնենք, որ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռն աղետի էր ենթարկվել  2010թ. ապրիլի 10-ին: Զոհվել էր 96 մարդ, այդ թվում` նախագահը, նրա տիկինը, նախարարներ: