Երկու տարում առաջին անգամ ամբողջ աշխարհում դեսքթոփների եւ լեփթոփների մատակարարումները բացասական դինամիկա են ցուցաբերել։ Այս մասին 2022թ․ առաջին եռամսյակի իրենց զեկույցում հայտնել են IDC ընկերության վերլուծաբանները։ Այս տարվա սկզբի ցուցանիշը 2021թ․ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5,1 տոկոսով։
«Մենք ոչ մեծ անկում ենք նկատում ինչպես կրթության, այնպես էլ սպառողական շուկաներում, սակայն բոլոր չափանիշները ցույց են տալիս, որ կոմերցիոն անձնական համակարգիչների պահանջարկը մնում է շատ բարձր։ Մենք նաեւ կարծում ենք, որ մոտ ապագայում սպառողական շուկան կրկին կաշխուժանա»,-ասել է IDC-ի փոխնախագահ Ռայան Ռեյթը:
Փորձագետները մատակարարումների նվազումը բացատրել են համավարակի նախորդ երկու տարիներին շուկայի ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաեւ որոշ բաղադրիչների հասանելիության հետ կապված խնդիրներով։
Չնայած դրան՝ մատակարարներին հաջողվել է առաքել ավելի քան 80 միլիոն համակարգիչ առաջին երեք ամիսների ընթացքում: Արդյունաբերությունն այս նշաձողը հաղթահարում է արդեն յոթերորդ եռամսյակն անընդմեջ, ինչն աննախադեպ է։





























