Ինդոնեզիայի խորհրդարանն ընդունել է սեռական բռնության դեմ պայքարի երկար սպասված օրինագիծը։

Լիագումար նիստում օրենսդիրների մեծ մասն աջակցություն է հայտնել օրինագծին՝ վեց տարի տեւած քննարկումից հետո հաղթահարելով որոշ պահպանողական խմբերի դիմադրությունը, հաղորդում է Reuters-ը:

«Հուսով ենք, որ օրենքի կիրառումը կլուծի սեռական բռնության մասին գործերը»,-ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Պուան Մահարանին:

Օրենքը լայնորեն ողջունվել է ակտիվիստների կողմից, թեեւ ոմանք դեմ են եղել։ Կառավարությունը հայտարարել է, որ բռնաբարությունը պատժելի է քրեական օրենսգրքով, որը ներկայումս մշակվում է:

Ինդոնեզիայում աճում են սեռական բռնությունների վերաբերյալ բողոքները, ընդ որում սեռական հանցագործությունների համար քրեական հետապնդումը բարդացել է հատուկ օրենսդրության բացակայության պատճառով:

Օրինագիծն ընդունվել է նախագահ Ջոկո Վիդոդոյի՝ հունվարին կառավարությանը տված հրահանգից հետո։ Նախագահը հրամայել էր արագացնել օրենսդրության ընդունումը, որը կոչված է թեթեւացնելու գործերի հարուցումն ու մեղադրական վճիռների կայացումը։

վերջնական նախագիծը նախատեսում է մինչեւ 12 տարվա ազատազրկում հանցանքների համար, որոնք կապված են ֆիզիկական սեռական բռնության հետ, ինչպես ամուսնացած, այնպես էլ չամուսնացած կարգավիճակով, եւ 15 տարվա ազատազրկում սեռական շահագործման համար։